22/03/2025

Կառավարությունը մտահոգված է ԶՄՊԿ-ում վիճակով, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների վրա. Պապոյան

«Կառավարությունը մտահոգված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստեղծված իրավիճակով, որովհետև Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեզ համար այս առումով ամենակատարյալ տարբերակը կլինի՝ հնարավորինս շուտ գործարանը սկսի աշխատանքը»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ հարցը արհմիության և հանքարդյունաբերության համալիրի աշխատակիցների տիրույթում է գտնվում:

«Որպես Էկոնոմիկայի նախարարություն՝ մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերությունը»,- հավելեց Գևորգ Պապոյանը:

Նշենք՝ արդեն գրեթե մեկ շաբաթ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում, իսկ փետրվարի 5-ին աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններն ավարտվել են անարդյունք։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

Translate »