21/03/2025

Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել

Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:

Օրինակ՝ սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորության բացակայություն, նորածիններին տրվող էթնիկ փոքրամասնություններին բնորոշ անվան և ազգանվան ընտրության խոչընդոտ, թալիշերեն և լեզգիերեն հեռուստաալիքների ցուցադրության, թերթերի, գրքերի հրատարակման խնդիրների ստեղծում և այլն։

Թալիշ ժողովրդի դրոշի և խորհրդանիշների նկատմամբ ագրեսիան բնորոշ է ոչ միայն ադրբեջանական իշխանություններին, այլև՝ իշխանամետ լրատվամիջոցներին։

Այսպես՝ ազգությամբ թալիշ Միրիսմայըլ Միրիսմայըլովը, ով 2018 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում բարձրացրել էր թալիշների դրոշը, Ադրբեջան վերադառնալուն պես ձերբակալվել էր ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության և ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքներով։

Չնայած նրան, որ երիտասարդն օդանավակայանում ենթարկվել էր բռնության, այնուամենայնիվ ադրբեջանական մամուլն ու իրավապաշտպաններն այդպես էլ չանդրադարձան այդ դեպքին: Միրիսմայըլ Միրիսմայըլովն ազատ էր արձակվել միջազգային կառույցների միջամտությունից հետո միայն։ Ըատ թալիշական տեղեկատվական աղբյուրների՝ դեպքից հետո Միրիսմայըլովին պարզապես ստիպել էին լռել։

Արձանագրվել են դեպքեր, երբ Ադրբեջանում շարքային քաղաքացիները, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ իրենց սոցիալական էջերում Արցախի կամ Հայաստանի մասին գրառումներ կատարելու պատճառով։

Այսպես՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերին ազգությամբ թալիշ Ռուսլան Վահաբովը սոցցանցերում կատարած գրառման համար ոստիկանների կողմից առևանգվել էր:

Հարց. -Ի՞նչ շահեցինք 24 ժամ 43 րոպեում։

-Բրավո, արդյո՞ք Ստեփանակերտն առաջիկայում կառուցվելու է:

Առևանգված Վահաբովից պահանջել էին ընդունել իրեն ներկայացված երեք մեղադրանքներից որևէ մեկը՝ «Իրանի օգտին լրտեսություն», «Ապօրինի պահվող զենք» և «Թմրամիջոցների շրջանառություն»: Ռուսլան Վահաբովը չէր ընդունել այս կեղծ մեղադրանքները, որի համար էլ ոստիկանական բաժանմունքում ենթարկվել էր խոշտանգումների և հոգեբանական ճնշումների։ Չնայած մեղադրանքների կեղծ լինելուն՝ Վահաբովը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 234. 1 հոդվածով. (Առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար):

Փաստերը վկայում են, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարել ձուլման քաղաքականություն։ Ազգային փոքրամասնությունների համար ստեղծելով արգելքներ՝ իշխանությունները խոչընդոտում են նրանց նյութական, հոգևոր և մշակութային արժեքների պահպանությանն ու զարգացմանը։