23/03/2025

Ձևավորվել է ոչ թե տնտեսական քաղաքականություն, այլ արտաքին կոնյուկտուրային տնտեսական էֆեկտը յուրացնելու ռեժիմ

Համաշխարհային բանկը հանրայնացրել էր Հայաստանի հետ գործակցության հնգամյա նոր ռազմավարությունը, որի համաձայն՝ բանկը նախատեսում է Հայաստանին հնգամյա կտրվածքով տրամադրել 1,7 միլիարդ դոլարի օժանդակություն:

Առավել ուշագրավ էր այն գնահատականը, որ բանկի փորձագետները բարձրաձայնում են Հայաստանի տնտեսության մասին:

«Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը և գործազրկության բարձր մակարդակը շարունակում են մնալ աճի հիմնական մարտահրավերները: Հայաստանում կրթության և առողջապահության անհավասար արդյունքները սահմանափակումներ են ստեղծում զբաղվածության և արտադրողականության վրա»,- կարծում են ՀԲ փորձագետները՝ արձանագրելով Հայաստանի տնտեսության վիճակագրական աճը:

Աճը, սակայն, նվազում է այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսության կարիքները՝ միայն աճում: Աճում, որովհետև աճում են նաև Հայաստանի անվտանգության կարիքները: Իսկ անվտանգության կարողությունների հիմքը տնտեսությունն է: Տնտեսությունը պետք է սպասարկի անվտանգության լուծումների վերաբերյալ որոշումները, հետևաբար որքան ուժեղ է տնտեսություն, այդքան ուժեղ են այդ որոշումներն ու լուծումները:

Ու քանի որ Հայաստանի տնտեսական աճի դինամիկան և ցուցանիշը ունի նվազման միտում, ապա հետևում է պարզ եզրակացությունը՝ որ Հայաստանի անվտանգության աճող մարտահրավերների և կարիքների սպասարկման ուժն է դրսևորում նվազման միտում:

Դա փաստորեն արձանագրվում է նաև Համաշխարհային բանի փորձագետների գնահատականում՝ հասցեական մատնանշելով, թե որտեղ կան թերություններ և խնդիրներ, որտեղ կան տնտեսական մարտահրավերներ: Ըստ էության՝ ամենուր: Բայց Հայաստանում դրա վերաբերյալ չկա հասարակական-քաղաքական քննարկում ու բանավեճ, չկա լայն դիսկուրս: Այսինքն՝ Հայաստանում կան սուր դիմակայությունների տարբեր հետևանքների թեմաներով, բայց չկա առարկայական քննարկում բուն թեմայի, պատճառի, արմատի՝ տնտեսության վերաբերյալ:

Մինչդեռ, տնտեսական դաշտում համակարգային բացերը Հայաստանում կուտակում են սոցիալական լուրջ լարվածություն: Կառավարող ուժն ակնհայտորեն չունի դրա լուծմանը, դրա համակարգային կանխարգելմանը միտված լուծումների պատկերացում: Հայաստանում տարիների ընթացքում այդպես էլ ձևավորվեց ոչ թե տնտեսական քաղաքականություն, այլ արտաքին կոնյուկտուրային տնտեսական էֆեկտը յուրացնելու, «վայելելու» մի ռեժիմ:

Դրա ներքո, սակայն, հասունանում էր սոցիալական լարվածության հիմք, որն այսօր արդեն դրսևորվում է ավելի ու ավելի նկատելի: Այդ խնդիրները լուծել պարզապես տեղեկատվա-քարոզչական հնարքներով, հնարավոր չէ:

Դա լուծում չէ, այլ խնդրի ամբարում՝ գուցե նույնիսկ թվացյալ արդյունավետությամբ և հուսալիությամբ, բայց, անկասկած, վտանգավոր ինքնախաբեությամբ: Հայաստանում իրավիճակի երկարաժամկետ կայունություն հնարավոր է ապահովել հանրությանը առարկայական, հանրամատչելի և գլխավորը՝ փոխադարձաբեր շահավետ պայմանների համոզիչ համակարգով տնտեսական քաղաքականություն մատուցելու դեպքում:

Այժմ հանրությանը մատուցվում է պարզապես ֆիսկալ նպատակներ հետապնդող պարզունակ երեսպաշտություն: Դա խորացնելու է ներքին լարումը, իսկ դրա տեղեկատվա-քարոզչական ամբարման հնարավորությունը անսպառ չէ, «ամբարները» անսահմանափակ չեն:

Translate »