Երեկվա տեսանյութի սղագրությունը.
Ուզում եմ խոսել մեր առաջ ծառացած վտանգների մասին։ Այդ վտանգները շոշափելի են, մեծ են և առնչվելու են բոլորիս։
Որովհետև ժամանակը արագ է անցնում և սերունդներ են փոխվում, նախ՝ անհրաժեշտ է հիշեցնել, ուր էինք և ուր ենք այսօր։
Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության տասը տարիները, եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ ոք հերքել չի կարող։ Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և՛ արևմուտքում, և՛ արևելքում, իսկ Հայաստանն իր հստակ տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ։
Ռուսաստանի հետ ունեցել ենք դաշնակցային հուսալի հարաբերություն, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք համագործակցությունը, Միացյալ Նահանգների հետ կնքել և մինչև մեր իշխանության ավարտը իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ ունեցել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք հարաբերությունը ԵՄ-ի հետ, Հայաստանում իրականացրել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններ։
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եղել են իրենց բարձունքի վրա։ Քըրք Քրքորյանն իրականացրել է 300 միլիոն դոլարի զարգացման ծրագրեր։ Գաֆեսճյանը բարեկարգել է Կասկադը, Էռնեկյանը կառուցել օդանավակայանը և այսպես շարունակ։ Տնտեսությունը վեց տարի շարունակ ունեցել է երկնիշ աճ, եղել են զգալի արտաքին ներդրումներ, արտագաղթն իջել է զրոյի։ Բառացիորեն։ 2006-ին մեկնողների և ժամանողների միջև բալանսը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դրական էր։
Հիմա գանք այսօրվա իրավիճակին։
Օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, հազարավոր զոհերով ծանր պարտություն, կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի տարածք։ Չունենք հուսալի որևէ դաշնակից կամ բարեկամ։ Արտաքին քաղաքական դաշտում որևէ երկիր Հայաստանին լուրջ չի վերաբերվում։ Տնտեսական ժամանակավոր ակտիվությունը կարճաժամկետ հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի, չունենք ոչ մի օտարերկրյա ներդրում և տնտեսական քաղաքականություն, ինչն անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի։ Սփյուռքի հետ ունենք նվազագույն հարաբերություններ, ներսում հասարակությունը երբևէ այսքան պառակտված չի եղել, իշխանությունների հանդեպ երբեք այսքան արհամարհանք չի եղել։
Ինչու ես իմ խոսքը սկսեցի վտանգներից։ Սրանք պարզապես փաստերի արձանագրում չեն։ Այս ամենից հետո մեր առաջ դեռ կանգնած են ահռելի վտանգներ, որոնք ներկա իշխանության անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը։
Ինչ է տեղի ունենում և տեղի ունենալու, եթե չունենանք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով օժտված իշխանություն։
Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ՝ առնվազն անկլավների տեսքով, Հայաստանի սահմանները փոփոխվելու են։ Սահմանադրությունը փոփոխվելու է՝ թուրքական կողմի պահանջով։ Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են, միջազգային դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են քաշվելու, 300 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին։
Այս վերջին վտանգը առավել ակնհայտ է դառնում որոշ մարդկանց Մեղրիի թեմայի շահարկմամբ։
Բարեբախտաբար, վերջերս Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը այդ մարդկանց կողմից Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են։ Այդ շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարյանի առաջարկը հայր Ալիևին։ Մինչդեռ հրապարակված փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 99 թվականին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, և դրա վկաներից եմ եղել ես։
Երբ Քոչարյանը Ժնևում բանակցություններին ներկա գտնվող ինձ և Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք այս պատմության ամենակարևոր փաստը, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից։ Դա էր հիմնական մեսիջը։ Մենք գիտեինք, որ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից։ Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1,5 տարի բանակցելու արդյունքում Քի Վեսթում։ Այնտեղ Մինսկի խմբի փաստաթղթով արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով վերգետնյա էստակադայով կապ էր ունենալու Նախիջևանի հետ։
Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և ես առնվազն պետք է լինեինք դիվանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիևի՝ Արցախը զիջելու ցանկությունը և աղբաման նետեինք թեկուզև բանավոր նրա առաջարկությունը, ինչպես Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, 2018-ին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումն էր, և սկսեց իր զրոյական կետից։
Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ Մեղրիի թեման շահարկողներն առնվազն լռեն, քանի որ դա անելով՝ մեր գլխին կախված Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել ռեալ են դարձնում։
Դիվանագիտությունից ու արտաքին քաղաքականությունից չհասկացողներին փորձեմ բացատրել։ Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու։
Խնդիրը ու Հայաստանի վրա կախված վտանգը, սակայն, այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող, Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինյանը չի կարողանա նույնիսկ սա ձևակերպել և բանակցել։
Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը և վտանգը։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ նաև Սյունիքից մի հատված։
Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար
Բաց մի թողեք
Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը․ Սուրեն Սարգսյան
Առաջ են բերում լրացուցիչ պահանջներ․ Արման Թաթոյան
«Քվեատերթիկ». Մարտուն Գրիգորյանի նախընտրական պաստառը տառասխալով է, Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիան՝ իրատեսական․ Լուսանկար