22/03/2025

Բաքուն չի գնա որևէ էսկալացիայի` չունենալով Թուրքիայի կանաչ լույսը

Ֆրանսիայի նախագահը հարցրե՞լ է Նիկոլ Փաշինյանին, թե ինչով էր պայմանավորված Փարիզի «ճանապարհին» հրապարակված հոդվածը, որում Հայաստանի վարչապետը անդրադառնում էր էսկալացիայի ռիսկերին, էսկալացիա հրահրելու Ադրբեջանի հավակնություններին կամ մտադրություններին՝ հայտարարելով, որ Բաքուն փորձում է դրա համար Հայաստանին վերագրել մտացածին հավակնություններ, սակայն իրականում Հայաստանի չի տալիս էսկալացիայի որևէ պատճառ կամ առիթ:

Նիկոլ Փաշինյանն այդ հոդվածը գրեց Վաշինգտոնից վերադարձից հետո: Գրեց կամ պարզապես հավաքեց, քանի որ հոդվածը մեծ հաշվով նրա՝ նախկինում տարբեր այլ առիթներով արված հայտարարությունների համախումբն էր:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն էլ թերևս ուներ Ֆրանսիայի նախագահին հարցերի առիթ կամ պատճառ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ երկու օր առաջ Մակրոնի ունեցած հեռախոսազրույցը: Դրան արդեն իսկ անդրադարձել եմ, պարզապես հիշեցնեմ, որ ըստ տարածված հաղորդագրության՝ այդ զրույցի հիմնական առարկան եղել է Սիրիան, Մերձավոր Արևելքը:

Սակայն գրեթե անհնարին է, որ Մակրոնն ու Էրդողանը շոշափած չլինեն Կովկասի իրավիճակը: Իսկ այստեղ, իհարկե, կա առանցքային հարցը՝ Ադրբեջանի դիրքավորումը Ֆրանսիայի դեմ:

Հայ-ֆրանսիական շփումները, առավել ևս պաշտպանական ոլորտում գործակցությունը Բաքուն շարունակում է ներկայացնել «հայկական ռեւանշիզմի սպառնալից» վկայություն: Բոլորն են հասկանում, որ դա ոչ մի կապ չունի ռևանշիզմի հետ, և առավել ևս իր ծավալով բացարձակ հեռու է այդպիսին լինելուց:

Սակայն Ադրբեջանը, իհարկե, շարունակում է պնդել իր մտացածին մեղադրանքները՝ դրանք փաստորեն հիմք դարձնելով մի կողմից խաղաղության գործընթացում պայմաններ առաջ քաշելու համար, մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետին պարբերաբար արդարանալու մղելու համար:

Իհարկե, կասկածից վեր է այն, որ էսկալացիայի հարցում Ադրբեջանի քայլերը աներկբա կախված են Թուրքիայից: Բաքուն, թերևս, չի գնա որևէ էսկալացիայի, չունենալով Թուրքիայի կանաչ լույսը:

Այդտեղ է նաև էական դառնում, թե ինչ կարող էին խոսել Մակրոնն ու Էրդողանը Կովկասի մասին: Ի դեպ, հատկանշական է, որ նախօրեին տեղեկություն հայտնվեց հայկական լրահոսում՝ դիվանագիտական անանուն աղբյուրին հղումով, որ մարտի 1-ին կարող է բացվել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը:

Կարճ ժամանակ անց Հայաստանի ԱԳՆ պաշտոնապես անդրադարձավ և հայտարարեց, թե անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան:

Translate »