19/03/2025

Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, պետք էր կռվել. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցին, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ. «Երբ որ անվտանգ կլինի, իսկ դա կլինի այն դեպքում, երբ որ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք և բոլոր հարաբերությունները կկարգավորենք»։

Հարցին, թե բանակցություններ կա՞ն արդյոք ԼՂ վերադառնալու շուրջ, նա կրկին շեշտեց, որ երբ անվտանգ կլինի, այդ հարցը ևս կբարձրաձայնվի։

Սիմոնյանը անդրադարձավ նաև այն մեղադրանքին, թե Արցախը վերածել են Լեռնային Ղարաբաղի․ «Ես քաղաքական գործիչ եմ և դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքացիներից մեկին անվանի թուրքական, ադրբեջանական անվանումներով։ Ես պետք է քաղաքական գործչի էթիկան պահպանեմ։

«Հիմա ընդդիմադիր լինելն ու դեմագոգիայով զբաղվելն ամենահեշտ բանն է, երբ դու պատասխանատվություն ունես, և ղարաբաղցի մարդ կա, ու կարող է մոտենալ քեզ ազատ հարց տալ։ Պետք է գիտակցես քո պատասխանատվությունը։ Ես պատասխանում եմ, որ ամեն ինչ կարվի, որ վերադառնան այնտեղ, այն ժամանակ, երբ անվտանգ կլինեք, որովհետև երբ դուրս եկաք այնտեղից, անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։

Հարցին՝ ինչպե՞ս էր այդ պայքարն արվելու, Սիմոնյանը ընդգծեց․ «Այն զենքով, որը Հայաստանը իր ամբողջ քաղաքական ստարումով թողել և տվել էր։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, պետք էր կռվել։ Իրենց համար շատ կարևոր է իրենց էքսկլավի հետ կապը, որովհետև դա մի երկրից մյուս մասը գնալն է, ու Հայաստանը իր վերաբերմունքը և առաջարկները դրա հետ կապված նույնպես ներկայացրել է։ Մենք կարող ենք խոսել բեռների տեղափոխման մասին, և կարող է խոսք լինել քաղաքացիների մասին, որոնք կուզենան մի կետից մյուս կետը տեղափոխվել։ Դրանց բոլորի հետ կապված ՀՀ-ը առաջարկներ է ներկայացրել։ Կազանի հանդիպման ժամանակ առաջարկ է քննարկվել, որը դրական մթնոլորտի մեջ է անցել, և հիմա դրա մանրամասներին ենք սպասում։ Եկեք բոլորիս համար կարևոր բան ֆիքսենք. ինչ ճանապարհ էլ՝ լինի, իրենք դա անվանելու են միջանցք, նույնիսկ եթե զրո արտոնություն լինի»։

Խոսելով միջանցքի տրամադրման հնարավորության մասին՝ նա ասաց. «Միջանցքը, որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, որը կլինի մեր օրենսդրությունից դուրս, մեզ համար անընդունելի է։ ՀՀ տարածքի միջով արտատարածքային միջանցք չի լինելու»։