«Նախիջևանի և Ադրբեջանի արևելյան շրջանների միջանցքն այսպես թե այնպես կօգտագործվի, այդ նպատակով կարող է երթուղի ընտրվել Հայաստանով կամ Իրանով: Այս ամենը ընթացող բանակցությունների առարկա է»:
Այս մասին թուրքական CNN Türk հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման թեման։
Նրա խոսքով, Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցի շուրջ Բաքվի և Երևանի միջև երկխոսության հետ մեկտեղ օրակարգում է Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհը։
«Այս հարցը գտնվում է մեր ադրբեջանցի եղբայրների վերահսկողության տակ։ Անկարան նույնպես հետևում է այս գործընթացին»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը։
Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շուտափույթ ավարտով և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Իհարկե, օրակարգն առաջ տանելիս կարևոր է հաշվի առնել պետությունների ազգային անվտանգության խնդիրները։ Մեզ համար կարևոր է, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը թուլանա»,- ասել է թուրք նախարարը։
Ուրալօղլուն այնուհետև ընդգծել է, որ Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների մատակարարման այս ուղին առկա այլընտրանքներից ամենաեկամտաբերն է, ամենաանվտանգը և ամենակարճը, այն կոչել «Միջին միջանցք»:
«Միջին միջանցքի երկայնքով առաքման ժամկետը գնահատվում է 18 օր: Հայտարարված է նաև վերջնաժամկետ՝ 14 օր։ Ուզում եմ նշել, որ Թուրքիայի դիրքը Եվրասիայում առևտրային մատակարարման ուղիների համար առավել շահավետն է»,- հավելել է երկրի տրանսպորտի նախարարության ղեկավարը։

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի