19/03/2025

Ալիևը քաղաքական ինչ «գործարք» կարող է առաջարկել Ֆրանսիային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանտից ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու և երկու խղճի կալանավորի: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սմիթը, որ դեմոկրատական վարչակազմի օրոք զբաղվել է Բելառուսի ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությամբ, հայտարարել է, որ Լուկաշենկոյի այդ քայլը կարող է կողմերի միջև «մեծ գործարքի նախապատրստման սկիզբ հանդիսանալ»:

Պետական դեպարտամենտի աշխատակիցը, որի ինքնությունը չի բացահայտվում, անձամբ ներկա է գտնվել ԱՄՆ քաղաքացու և երկու բելառուս քաղբանտարկյալի Մինսկից տեղափոխման գործողությանը, իսկ համաձայնությունը կայացել է ԱՄՆ փոպպետքարտուղար Սմիթի այցի արդյունքում, որի ընթացքում նա հանդիպել է Լուկաշենկոյի և Բելառուսի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Տերտելի հետ:

Դիվանգիտական աղբյուրը «Նյու-Յորք թայմսին» ասել է, որ «մեծ գործարքի արդյունքում Լուկաշենկոն ազատություն կշնորհի բազմաթիվ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հանրահայտ անձանց», ինչի դիմաց ԱՄՆ-ը կմեղմացնի պատժամիջոցները: Խոսքը բելառուսական բանկերի նկատմամբ և բելառուսական պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացման մասին է:

Ընդ որում, ամերիկյան լրատվամիջոցը հատուկ ընդգծել է, որ Սմիթը Բելառուսի հետ նախնական քննարկումներն սկսել է դեռևս անցյալ տարի:

Կարելի է հասկանալ, որ բելառուսա-ամերիկյան «մեծ գործարքի» շուրջ քննարկումներն ուղղակիորեն չեն կապվում ռուս-ամերիկյան հարաբերությունների վերջին «ջերմացմանը»: Չի բացառված, իհարկե, որ «Նյու-Յորք թայմսը» պարզապես «գունազարդել» է:

Բայց ավելի հետաքրքրական է, որ անցյալ շաբաթ Բաքվում Ֆրանսիայի հետ հարաբերությունների թեմայով խորհրդաժողով է անցկացվել:

Այդ առթիվ մամուլի հրապարակումներից մեկում ուղղակիորեն ասված է, որ, չնայած Փարիզի հետ Բաքվի քաղաքական տարաձայնություններին, ֆրանսիական ընկերությունները շարունակում են «արդյունավետ աշխատել Ադրբեջանի տնտեսության տարբեր, բայց հատկապես էներգետիկ ոլորտում»:

Ադրբեջանի Միլլի մեջլիսի տարածքային կառավարման հարցերով կոմիտեի նախագահ Սիավուշ Նովրուզը, որ իշխող կուսակցության հիմնադիր անդամներից է, տեսակետ է հայտնել, որ հասունացել է Ադրբեջանում համաներում ընդունելու անհրաժեշտություն: Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներն ակնարկում են, որ նման ակտ Իլհամ Ալիևը կարող է ընդունել մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության հերթական տարեդարձին, ընդառաջ:

Ադրբեջանում ներկայումս ազատազրկման պատիժ է կրում Ֆրանսիայի երկու քաղաքացի: Նրանցից մեկը մեղադրվել է «լրտեսական գործունեության», մյուսը՝ «վնասարարության» համար: Ֆրանսիայի հետ հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի անցկացումն արդեն իսկ վկայում է, որ Իլհամ Ալիևը Փարիզի հետ երկխոսության, ինչպես ասում են՝ «հող է շոշափում»:

Ընդ որում, պետք է հաշվի առնել իրողությունը, որ Ելիսեյան պալատը Բաքվի հասցեին մի քանի դիվանագիտական «կսմիթներից» զատ որևէ գործնական քայլի չի դիմել:

Ազգային ժողովի կամ Փարիզի քաղաքային խորհրդի մակարդակով Ադրբեջանի նկատմամբ տարածված հայտարարությունները պաշտոնական քաղաքականության հետ ակնհայտորեն նվազ առնչություն ունեն: Լուկաշենկոյի կողմից ԱՄՆ քաղաքացուն ազատություն շնորհելու որոշումը կարո՞ղ է Իլհամ Ալիևի համար նախադեպային և Ֆրանսիայի երկու քաղաքացու նկատմամբ կիրառելի լինել:

Այս առումով, իհարկե, ոչ Փարիզը, ոչ, մանավանդ, Բաքուն հրապարակային ոչինչ չեն ասում, բայց դա չի նշանակում, թե Ֆրանսիան շահագրգռված չէ իր քաղաքացիների, առաջին հերթին՝ լրտեսության մեջ մեղադրվողի ազատ արձակման և հայրենադարձության հարցի լուծմամբ և այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Ինչի՞ շուրջ կարող են համաձայնության գալ Փարիզը և Բաքուն:

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանված չեն, այդ թվում և՝ Ֆրանսիայի կողմից: Ակնհայտ է, որ Ֆրանսիայի երկու քաղաքացի Ադրբեջանի բանտերում Ալիևի քաղաքական պատանդներն են: Մնում է ենթադրել, թե քաղաքական ինչ «գործարք» կարող է նա առաջարկել Ֆրանսիային: