22/03/2025

Ինչու միայն Ամիրյան, Քոչինյան և Զաքյան փողոցներում, Ղափանցյան փողոցը Երևան չէ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ Ամիրյան, Քոչինյան և Զաքյան փողոցներն անցած տարի ամբողջությամբ ասֆալտապատվել էին, նաև միջին նորոգման աշխատանքներ էին կատարել, բայց նախորդ ամիս պարզվել է, որ տարածքում չարտոնված ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ են կատարվել, հավանաբար՝ գիշերային ժամերին:

Չարտոնված լինելուց բացի՝ նաև անորակ աշխատանք է կատարվել. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործընկերներին խնդրեցի, որպեսզի իրականացնեն քանդման աշխատանքներ»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսուհետ նման դեպքեր արձանագրվելիս դիմելու են ոստիկանություն՝ պարզելու, թե ովքեր են համայնքային ունեցվածքը փչացնում:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ նման դեպք արձանագրվել է նաև Կոմիտասի պողոտայում, երբ գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։

Ըստ փոխքաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել և ինչ ժամկետներում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց փոխքաղաքապետի գնահատականներին․ «Ե՛վ Զաքյան, և՛ Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտությունն այդտեղ, նամանավանդ՝ առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, գողեգող, և այդտեղ, այո՛, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»։

Translate »