22/03/2025

Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում

Դատելով Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին ադրբեջանական պրոպագանդիստական շրջանակների արձագանքից՝ խորանում է համոզմունքը, որ Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում՝ այդ կերպ ձգտելով բարձրացնել քաղաքական կշիռը հնարավորինս մեծ դիապազոնով:

Ընդ որում՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագրի ստորագրման հանգամանքը, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի մերձավորարևելյան հավակնոտությունը պահանջարկ է, հետևաբար, նաև աջակցություն է ունենալու այն երկրներում, այն դերակատարների գործողություններում, որոնց համար ռուս-իրանական պայմանագիրն աշխարհաքաղաքական մարտահրավեր է:

Ադրբեջանին «տրամաչափ» հաղորդելը թույլ կտա Բաքվին «օժտել» Ռուսաստանի և Իրանի համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծելու ավելի մեծ հնարավորությամբ: Այդ ամենը կարող է թվալ 29. 743 քկմ-ից շատ հեռու, բայց, ըստ էության, անմիջականորեն առնչվելու է այն ամենին, ինչ կատարվելու է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված այն սահմանների շուրջ, որոնք պարբերաբար մատնանշում է պաշտոնական Երևանը:

Դա, ըստ էության, ևս մեկ անգամ վկայում է, որ հնարավոր չէ հայկական պետականության պաշտպանությունը կազմակերպել լոկ միջազգայնորեն ճանաչված սահմանների պարփակումով, եթե ակնհայտ է, որ այդ սահմանների և պետականության հանդեպ մարտահրավերների մի զգալի մասը գոյանում է այդ սահմաններից նկատելի հեռավորության վրա:

Հայաստանի հանրապետության անվտանգության հրամայականներից է թույլ չտալ գոյացող այդ մարտահրավերների ծավալում և «տեղափոխում» արդեն անմիջականորեն մեր սահմանների հարևանությամբ, թույլ չտալ, որ այդ մարտահրավերները գեներացվելով ժամանակի ընթացքում վերածվեն արդեն հենց անմիջականորեն ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքները ծանրացնող և ուժգնացնող գործոնի:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կարողանա գտնել ռեսուրսներ՝ վերը նշածս մարտահրավերների «օջախային» հակազդման և կառավարման, «օջախային» չեզոքացման համար, այլապես, երբ դրանք ժամանակի ու տարածության մեջ «տեղափոխվեն» անմիջականորեն Հայաստանի սահմաններին «կից», դրանց հակազդման բավարար ռեսուրսներ Հայաստանը չի գտնի հաստատ:

Translate »