19/03/2025

Էրդողանն իրեն գործոն է համարում ԱՄՆ – Եվրամիություն հարաբերություններում

«Ինչպես ցույց տվեցին վերջին ընտրությունները, ծայրահեղ աջ դեմագոգները լցնում են դատարկությունը եվրոպական ժողովրդավարական երկրներում: Միայն Թուրքիան՝ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, կարող է փրկել Եվրամիությանը այն փակուղուց, որում հայտնվել է՝ տնտեսությունից մինչև պաշտպանություն, քաղաքականությունից մինչև միջազգային հեղինակություն», հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ասելով, որ ազատական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է:

Էրդողանն իհարկե անդրադառնում է Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությանը և ակնհայտորեն նկատի ունի այն, որ ընտրությանը երկրորդ ցուցանիշն է արձանագրել ուլտրաաջ՝ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը: Դա աննախադեպ երևույթ է երկրորդ համաշխարհայինից ի վեր, երբ Գերմանիայի խորհրդարանում ընդդիմություն է դառնում ուլտրաաջ մոտեցումներով կուսակցությունը: Ավելին, դատելով դինամիկայից, ԱԳՀԿ-ն արձանագրել է բոլոր կուսակցությունների շարքում ամենից մեծ աճի ցուցանիշը՝ մոտ 10 տոկոս:

Ընդ որում, հաշվի առնելով այն, որ Գերմանիան կանգնած է թե ներքին, թե ներեվրոպական շատ բարդ մարտահրավերների առաջ, որոնք խոստովանում է հաղթող Քրիստոնեդաեմոկրատների կանցլերի թեկնածու Մերցը, Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը թերևս կշարունակի իր հասարակական վերելքը:

Ինչու՞ է սա անհանգստացնում Էրդողանին: Որովհետև Գերմանիայում կա մեծ թվով թուրք ազգաբնակչությու՞ն, որը Թուրքիայի ազդեցության գործոն է Եվրոպայում, թե՞ որովհետև ԱԳՀԿ-ին աջակցում է Թրամփի վարչակազմը, ինչը նշանակում է, որ վարչակազմը հնարավոր է խաղադրույք է կատարում Գերմանիայի այսպես ասած աջ հեռանկարի վրա, իսկ դա Էրդողանին տալիս է հնարավորություն այսպես ասած իր ծառայությունն առաջարկել լիբերալ էլիտաներին:

Վերջին հաշվով, Անկարան ունի քաղաքականության որոշակի ունիվերսալ մոդել՝ խաղալ երկու դիմակայող բևեռների միջև, այսպես ասած՝ «առևտուր» անել երկկողմ «կրպակում»: Տարիներ շարունակ Էրդողանը դիրքավորվել էր այդ հարցում Ռուսաստանի և ԱՄՆ միջև, բայց այդտեղ նոր իրավիճակում նրանց մերձենալը փաստորեն նվազեցրել է Թուրքիայի համար այդ խաղի տարածությունը, «առևտրի ծավալը» գուցե նվազել է, և հիմա Էրդողանը հնարավոր է փորձում է տեղավորվել Թրամփի և լիբերալ Եվրոպայի էլիտաների միջև:

Հատկանշական է, որ հաճախակիացել են նրա շփումներն օրինակ Ֆրանսիայի նախագահի հետ, որի կոպիտ անվանարկում էր տարիեր առաջ: Ավելին, Վաշինգտոնում Թրամփի հետ բանակցության մեկնած Ֆրանսիայի նախագահը հենց ԱՄՆ մայրաքաղաքում գտնվելու ընթացքում էր հերթական հեռախոսազրույցն ունեցել Էրդողանի հետ, որի հետ խոսել էր նաև փետրվարի սկզբին: