Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել:
Այս մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ասել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: Մենք աշխատում ենք գործընկերության նոր օրակարգի վրա»,- նշել է դեսպանըև հավելել՝ ցանկություն կա շարունակել դրական ընթացքը՝ ի շահ քաղաքացիների:
Ըստ նրա՝ ԵՄ-ի նպատակն է աջակցել քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:
Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս։
Այս մասին Եղոյանը հայտարարել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում՝ նշելով, որ այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշում է կայացրել։
«Խաղաղության գործիքակազմից Հայաստանի աջակցություն տրամադրելը ցույց է տվել, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս: Որևէ անկայունություն, որը սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից: Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ: Կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դրա կրկնությունը ևս մեկ անգամ»,- ասել է Եղոյանը:
Նա կարևորել է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում:
«Այս որոշումը կայացվեց ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար նման որոշումների կայացումը, դրանց վերաբերյալ քննարկումը տևում է ամիսներ: Սակայն այս որոշումը կայացվեց շաբաթների ընթացքում»,-եզրափակել է Եղոյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Բաց մի թողեք
Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն կրկին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ապատեղեկատվության մասին
Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյում, Մալթայում դեսպանի պաշտոնում