23/03/2025

Մակրոնը կփրկի Եվրամիության դեմքը՝ Թրամփի հետ բանակցությունների արդյունքը

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան մեծ ծավալի օժանդակություն է ցուցաբերել Ուկրաինային, որը կազմում է մոտ 138 միլիարդ եվրո: Մակրոնն այդ մասին հիշատակել է, արձագանքելով ամերիկյան օգնության մասին Թրամփի հայտարարություններին:

Թրամփը ինչպես հայտնի է պարբերաբար նշում է, որ ԱՄՆ տրամադրել է 350 միլիարդ դոլարի օժանդակություն և այդ հիմքով հայտնում է օգտակար հանածոների, մետաղների շուրջ պայմանագրի տեսքով փոխհատուցում Կիևից: Թրամպը հայտարարել է, որ ակնկալում է այս կամ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն և ստորագրել համաձայնագիրը:

Դրան անդրադարձել է ՌԴ նախագահ Պուտինը, ասելով, թե այդ համաձայնագիրը չի վերաբերում Ռուսաստանին, դա ԱՄՆ և Ուկրաինայի գործն է: Միևնույն ժամանակ, Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործընկերային համաձայնությունների այն օգտակար հանածոների, մետաղների հարցում, որ ունի: Նախօրեին Պուտինը կայացրել է մի որոշում՝ Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին նշանակել տնտեսական հարցերով հատուկ բանագնաց:

Դմիտրիևը, ըստ էության լինելու է Ռուսաստանի եւ ԱՄՆ միջև տնտեսական հարցերի բանագնացը: Ի դեպ, նա մասնակցել էր Սաուդյան Արաբիայում կայացած առաջին հանդիպմանը: Ակնառու է, որ ամերիկա-ռուսական քննարկումը ունի հսկայական բիզնես բաղադրիչ եւ դա առավել ևս վերաբերելու է Ուկրաինայի թեմային:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը՝ 138 միլիարդ եվրոյի մասին, ըստ էության հայտարարություն է Եվրոպայի բաժնի մասին: Մակրոնը ակնարկում է, որ Եվրոպան պետք է ունենա կարգավորման «բիզնես բաղադրիչի» իր շահաբաժինը, իր կատարած ներդրումների կամ ցուցաբերած օժանդակության դիմաց:

Հատկանշական է, որ Վաշինգտոնում Մակրոնը հայտարարել է, թե ներկայումս պատեհ ժամանակն է վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ֆրանսիայի նախագահն ըստ ամենայնի փորձելու է «բիզնես շահերը» պաշտպանել ոչ միայն Թրամփի, այլ նաև Պուտինի հետ ուղիղ շփումների միջոցով:

Translate »