23/03/2025

Հայաստանը փորձում է «կտոր-կտոր» կերակրելու տրամաբանությամբ կառավարել «գիշատչին»

Երևանը երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ առաջարկն Ադրբեջանին է փոխանցել ուղիղ, առանց միջնորդի, Երևանում հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղարը, չմանրամասնելով սակայն, թե ինչպես է տեղի ունեցել այդ ուղիղ փոխանցումը: Դա, իհարկե, ամբողջապես տեխնիկական հարց չէ, սակայն, անշուշտ, նաև գլխավոր հարցը չէ:

Գլխավորը շարունակում է մնալ այն, թե Ադրբեջանն ինչու՞ առ այսօր պաշտոնապես, նույնքան ուղիղ չի պատասխանել Հայաստանի առաջարկին: Համենայն դեպս, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ սպասում է Բաքվի արձագանքին: Ադրբեջանը, սակայն, մտորում է թերևս այն հարցի վրա, թե ինչպես մերժել Երևանին:

Մեխանիկայի իմաստով դա ըստ ամենայնի ենթադրում է հետևյալը՝ ի՞նչ նոր տարրեր կամ առաջարկներ փորձել հրամցնել, որոնք՝ կամ Երևանից կենթադրեն մերժում, լինելով անընդունելի, կամ կենթադրեն արդեն պատասխան Երևանից, հետևաբար ժամանակ, քննարկումներ, և այդպես շարունակ: Ադրբեջանին պետք չէ ճանապարհների վերաբերյալ հարցի որևէ լուծում:

Հարկ է արձանագրել, որ բոլոր երեք հիմնական ուղղություններով՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, ճանապարհների ապաշրջափակում, Ադրբեջանին այսօր պետք չէ որևէ լուծում:

Բաքուն համարում է, որ բոլոր այդ հարցերում ինքն այլևս չունի կորցնելու որևէ բան, փոխարենը միշտ ունի որևէ նոր բան շահելու ակնկալիք՝ քանի դեռ Կովկասում ձևավորված չէ ռեգիոնի համակեցության և հետագա ճակատագրի առնչությամբ և ոչ մի որոշակիություն:

Ըստ այդմ` ակնկալել, թե Բաքուն Հայաստանի որևէ առաջարկի տալու է հավանություն, քաղաքականապես կլինի ոչ համարժեք:

Գուցե հնչի նույնիսկ տարօրինակ, բայց Հայաստանն անգամ «միջանցք» առաջարկելու դեպքում Ադրբեջանից կստանա ոչ թե հավանություն, այլ թերևս նորանոր պայմաններ՝ ավելի ակնկալիքով: Սա է իրադրությունից բխող մեխանիկան:

Հակառակն անելու համար Ադրբեջանը պետք է Հայաստանի հանդեպ դիրքավորվեր որպես այսպես ասած հումանիստական պետություն: Բայց, Ադրբեջանը դիրքավորվում է իբրև գիշատիչ պետություն, և դա անում է շատ բաց, հասկանալով, որ այսօր աշխարհում գիշատչությունը ոչ միայն դատապարտելի երևույթ չէ, այլ՝ դժբախտաբար, պահանջված է:

Հայաստանը փորձում է «կտոր-կտոր» կերակրելու տրամաբանությամբ կառավարել «գիշատչին»: Ամբողջ հարցն այն է սակայն, որ դա վերջ չունեցող իրավիճակ է, որովհետև գիշատիչը կարող է զսպվել միայն վանդակի մեջ, այլապես գրոհում է նվազագույնը բնազդաբար:

Translate »