21/03/2025

Թրամփը Կենգրեսում հայտարարել է, որ Զելենսկիից նամակ է ստացել ու բացահայտել դրա բովանդակությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա հայտարարել է խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։

թրամփի խոսքով, Ռուսաստանը նույնպես ազդանշաններ է ուղարկել խաղաղությանն իր պատրաստակամության մասին։

«Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է. «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տևական խաղաղությունը մոտեցնելու համար»։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին «ցանկացած հարմար պահի» համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։

Թրամփը նշել է, որ շնորհակալ է նամակի համար՝ հավելելով. «Միևնույն ժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և ստացել ենք ուժեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»։

Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին՝ մեկնաբանելով Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում վիճաբանությունը։ Նա նաև ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է համաձայնագիր ստորագրել ընդերքի ռեսուրսների վերաբերյալ:

«Ես անխոնջ աշխատել եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար: Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ անտեղի սպանվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտությունում, որի ավարտը չի երևում: ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար: Ուզու՞մ եք, որ սա շարունակվի ևս հինգ տարի»,- հարց է ուղղել Թրամփը և նորից հայտարարել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու վրա շատ ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան։

Ըստ ԱՄՆ նախագահի, Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ և գազ գնելու վրա, քան Ուկրաինայի պաշտպանության:

Որոշ դեմոկրատներ դուրս են եկել դահլիճից, երբ Թրամփը խոսել է Ուկրաինայի մասին:

Ամերիկայի նախագահն իր ելույթում չի հիշատակել Կիևին ռազմական օգնության դադարեցման մասին, որը հայտարարվել էր նախօրեին։

Սա Թրամփի առաջին ելույթն էր Կոնգրեսում Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Սա ավանդական միջոցառում է, որով նախագահն ամփոփում է իր պաշտոնավարման առաջին շաբաթները: Դոնալդ Թրամփն արդեն պաշտոնավարել է 44 օր, այսինքն՝ վեց շաբաթից մի փոքր ավելի։

2017 թվականին Թրամփի՝ Կոնգրեսում առաջին ելույթը տևել էր ուղիղ մեկ ժամ, այս անգամ նա խոսել է 1 ժամ 40 րոպե՝ դարձնելով իր ելույթը պատմության մեջ ամենաերկարը:

Նրա խոսքով, մի քանի շաբաթվա ընթացքում գործող վարչակազմին հաջողվել է հասնել այն, ինչին չի հաջողվել հասնել ոչ մի վարչակազմի տարիների ընթացքում։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այս խոսքերի ժամանակ բողոքել ու սուլել են, ինչի արդյունքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ստիպված է եղել կարգի հրավիրել բոլորին և սպառնացել դահլիճից հեռացնել ելույթը խանգարել փորձողներին։

Թրամփի ելույթը բազմիցս ընդհատվել է նրա հանրապետական կողմնակիցների ծափահարություններով, որոնք ոտքի են կանգնել և ծափահարել, մինչդեռ դեմոկրատները մնացել են նստած:

Թրամփն իր ելույթի մեծ մասը նվիրել է ներքին քաղաքականությանը։ Մասնավորապես, նա շնորհակալություն է հայտնել գործարար Իլոն Մասկին և երկար թվարկել իր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ձեռքբերումները։

Անդրադառնալով միջազգային այլ թեմաներին՝ Թրամփը կրկին հիշեցրել է Պանամայի ջրանցքը, որը խոստացել է վերադարձնել ԱՄՆ վերահսկողությանը։

«Իմ վարչակազմը հետ կբերի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել»,- ասել է Թրամփը։

Նա դիմել է նաև Գրենլանդիայի ժողովրդին և ասել, որ եթե նրանք որոշեն միանալ ԱՄՆ-ին, ինքը կողջունի դա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգությունն ապահովելու համար։

«Այսպես թե այնպես մենք կհասնենք դրան»,- խորհրդավոր կերպով ավելացրել է նա։