Երբեմնի «սիամական երկվորյակների»՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև «սառը պատերազմը», որն ընթանում էր 2008-ից ի վեր՝ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո, և ժամանակ առ ժամանակ անզուսպ փոխհրաձգությունների տեսք ընդունում (երբ երրորդ նախագահի կառավարությունն անում էր արտաքին քաղաքականությանն առնչվող այս կամ այն պրոբլեմատիկ, վիճահարույց քայլը), մտել է թեժ փուլ։
Ավելին, թիմերն առանց կաշկանդվելու կոռեկտության, նույն պնակից կերած լինելու, նույն նավի մեջ լինելու կապանքներով, անցել են ինտենսիվ կրակահերթերի՝ մինչև «քոք» դիմակազերծելով զմիմյանս։ Կարելի է ենթադրել, որ այս գործողությունները սպասարկում են երկու նպատակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։
Կարճաժամկետ նպատակը առաջիկայում նախատեսվող փողոցային պայքարի գործողություններն են, և երկրորդ նախագահը որոշել է երրորդին մեսիջ ուղարկել՝ այս անգամ չընկնել «ոտատակ» ու չխանգարել իրեն՝ ինչպես 2022-ին՝ «Դիմադրության շարժման» օրերին, թույլ տալով իշխանափոխության գործն ավարտին հասցնել միանձնյա։ Երկարաժամկետ նպատակը, տրամաբանորեն, խորհրդարանական գալիք ընտրություններն են, և մեկուկես տարի առաջ մասնավորապես երկրորդ նախագահը որոշել է վերադիրքավորվել ընդդիմադիր դաշտում որպես «թիվ մեկ» ընդդիմադիր այլընտրանք՝ հավակնելով ինչպես 2021-ին, այնպես էլ 2026-ին դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը (եթե, իհարկե, այս ընթացքում չլինեն արտահերթ գործընթացներ)։ Աշխարհին ու ՀՀ քաղաքացիներին Քոչարյանի «երրորդ գալուստին» նախապատրաստելու նպատակով էր երևի, որ վերջինիս գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն օրերս «5–րդ ալիք»-ի տաղավարում ազդարարեց՝ «աշխարհում թրենդը Քոչարյանի նման փորձառու և արդյունք գրանցած ղեկավարներն են»։
Ի հակակշիռ երկրորդ նախագահի իշխանական ամբիցիաների՝ «ռինգ» է մտել նաև երրորդ նախագահը՝ «եթե այսքանից հետո էլի դու, ապա այդ դեպքում նաև ես» ուղերձով։ Անհերքելի է, որ երկրորդ և երրորդ նախագահները, իրենց հիմնական մրցակից համարելով գործող վարչապետին ու կառավարող ուժին, նաև ներքին կատաղի մրցակցության մեջ են, և կհաղթի նա, ով վերջում… ողջ կմնա։
Ընդ որում, խոսում ենք ոչ թե Նիկոլ Փաշինյանին հաղթելու, այլ միմյանց դեմ ընթացող պայքարում ողջ մնալու ու մեկը մյուսի նկատմամբ հաղթանակ տանելու մասին։ Արձանագրենք՝ մեկուկես տարի է մնացել մինչև գալիք ընտրությունները, առաջիկայում էլ որոշ համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, սակայն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը դեռ քննարկում են յոթ տարի առաջ՝ 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, իշխանությունն ինչպես տվեց՝ ռոկոկո սկուտեղո՞վ, թե՞ կարմիր բանտիկո՞վ։
Այս բանավեճը, որը գնալով ագրեսիվ է դառնում, քողարկում է մի մեծ ողբերգություն, որը կոչվում է իշխանությունը ուզուրպացրածների, այն Սահմանադրությունը բռնաբարելու, ընտրական կեղծիքների ու բռնի ուժով 20 տարի պահածների ու «ամանաթը» կորցրածների ողբերգություն։ Իշխանությունը կորցնելու հետևանքով է, որ այս երկու սուբյեկտները կանգնել են իշխանություն ունենալու բերումով մնացած ունեցվածքը կորցնելու փաստի առաջ։ Կվերադարձնեն իշխանությունը, կշարունակեն գոյություն ունենալ, չեն վերադարձնի, կդադարեն գոյություն ունենալ և որպես քաղաքական սուբյեկտներ, և որպես քաղաքացիական անձինք։
«Ո՞վ հանձնեց 2018-ին իշխանությունը» սևեռուն հարցադրմամբ տարված նախկին նախագահների, նրանց թիմերի սոցիալ-հոգեբանությունն այդպես էլ ի վիճակի չէ ընկալել, որ 2018-ին տեղի ունեցածը իրենց կառավարման 20 տարիներին տրված քաղաքացիական գնահատականն էր, որը, այո, մեկ օրում չէ, որ կայացվել է։ Գործընթաց, որը, այո, Բագրատ Միկոյանի բառով ասած՝ «կուլտիվացվել» է հենց իրենց՝ երկրորդ և երրորդ նախագահների, նրանց կառավարող թիմերի կողմից, «փարթամացել» է կեղծված ընտրությունների, լռեցված ու արյան մեջ խեղդած փողոցային պայքարի միջոցով։ Այդ երկուսին սպասարկող ԶԼՄ-ներն ընդամենը արձանագրել ու տիրաժավորել են թիմերի կառավարման հետևանքով երկրում հաստատված «գաղջ մթնոլորտը», հասարակությունն էլ հաղորդակից է եղել այդ մթնոլորտին, արել իր եզրակացություններն ու արել դրանից բխող քայլերը։
2018-ին, իրականում, իշխանությունը ժողովրդին հանձնել են թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Նրանք, անշուշտ, հավատարիմ իրենց քաղաքական ու բարոյական արժեհամակարգին, տեղի ունեցածը կոչում են «հանձնում» բառի բացասական ընկալմամբ, մինչդեռ իրականության մեջ թավշյա հեղափոխությունը ժողովրդի իշխանության խաղաղ առումն ու հաստատումն էր այն իր ձեռքից խլած նախկին նախագահների նկատմամբ։ Տարված լինելով միմյանց հոշոտելու մոլուցքով՝ նկատենք, այս երկրորդ և երրորդ նախագահների քարոզչական սոխակներն ու սարյակները մոռացել են իրենց սիրելի հայտնի նարատիվի մասին, թե՝ 2018-ի հեղափոխությունը «թուրք-ադրբեջանական» համատեղ ֆինանսավորմամբ օպերացիա էր։ Ի դեպ, Քոչարյանի թիմից հնչող հարցադրումներին ի պատասխան, թե ով ու ինչ հանգամանքներում իշխանությունը հանձնեց, մեջբերենք երկրորդ նախագահի խոսքերն իր «Կյանք և ազատություն» գրքից. «Պետք է նրան արժանին մատուցել, ցուցաբերելով համառություն և իշխանություններին հակազդելու ճիշտ ձև ընտրելով, նա կարողացավ ոչ մեծաթիվ և քիչ հայտնի թիմով հասնել ցնցող հաջողության»:
Նիկոլ Փաշինյանի մասին այս տողերը Քոչարյանը գրել է 2018-ի հունիսի 20-ին… Իսկ նախքան այդ, նկատենք, ապրիլի 29-ին թողարկված՝ НТВ հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ Քոչարյանը նկատել էր. «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես»։
Հ.Գ. Արժանին պետք է մատուցել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչներին և մասնավորապես ԱԺ «Պատիվ ունեմ»-ական Աննա Մկրտչյանին՝ «դարի պարադոքսը» բացահայտելու համար, թե՝ ովքեր էին թավշյա հեղափոխության օրերին, հակասելով ակցիաների գլխավոր լոզունգներին՝ սիրուն, հանդուրժողականությանն ու համերաշխությանը, փողոցային ակցիաների ժամանակ ծաղկեպսակ, դագաղներ պտտեցնում փողոցներում՝ այսպիսով ակնարկելով Սերժ Սարգսյանի և կառավարող ուժի՝ ՀՀԿ-ի վախճանը։ Նախկին նախագահի քարոզչական թիմը, նկատենք, օր չկար, որ չշահարկեր այս՝ մահվան սիմվոլիկայի գործածումն ու չշրխկացներ «թավշյա հեղափոխականների» երեսին, թե՝ դագաղներով եկած իշխանությունը հետագայում հազարավոր դագաղներ «պարգևեց» իրեն բերած ժողովրդին։ Դատելով Աննա Մկրտչյանի բացահայտումից, սակայն, այդ վուլգար, նողկալի ակցիայի հետևում կանգնած են երկրորդ նախագահի «մերձավոր հարազատները», որոնց նույնականացրել է երրորդ նախագահի թիմը։ Հետաքրքիրն այն է, որ այս բացահայտումն արվում է 8 տարի անց, հանգամանքների բերումով, երկրորդ և երրորդ նախագահների թիմերի՝ միմյանց դիմակազերծելու օպերացիայի շրջանակներում։ «Դուք երևի մոռացել եք, բայց մենք հո չենք մոռացել, թե ինչպես էիք փորձում բացատրել Ձեր, Ձեր մերձավոր հարազատների ներկայությունը 2018 թվականի հրապարակում: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր հարազատներից ոմանք այդտեղ հայտնվել էին տուն գնալու ճանապարհին, բայց հայտնվել էին հենց ՀՀԿ-ականների դագաղների կողքին: Ձեր մերձավորներից որոշներն ուղղակի անցնում էին այդ ճանապարհով ու էլի հայտնվել էին, պատահաբար, Հանրապետության հրապարակում: Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից ովքեր հայտնվել էին այդ հրապարակում, միգուցե գնացել էին ստուգելո՞ւ, որ բոլոր ՀՀԿ-ականների դագաղները պահած լինեն հրապարակում: Թե՞ միգուցե գնացել էին ստուգելու՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի դագաղը պահել են, ընտանիքի անդամների դագաղներն էլ են միգուցե պահել հրապարակում… Համոզվեն, տեսնեն՝ արդյոք ՀՀԿ-ականներին բոլորին մերժե՞լ են: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Նիկոլին իշխանության բերածներին է փնտրում. բայց ինչո՞ւ եք այդքան տանջվում, ընդամենը 2018 թվականի հրապարակի նկարները նայեք, ես ավելի քան վստահ եմ, այնտեղ ձեզ ավելի քան հարազատ տասնյակ հազարավոր մարդկանց կտեսնեք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախօրեին հայտարարել է Աննա Մկրտչյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի՝ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ՀՀԿ-ի և երրորդ նախագահի վերաբերյալ հնչեցրած դիտարկումներին։ Մամուլում գրվեց, որ 2018-ի հեղափոխության օրերին տեսախցիկները ֆիքսել էին Ռոբերտ Քոչարյանի որդիներին՝ Սեդրակին և Լևոնին, հեղափոխական հրապարակներում: Կարելի՞ է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի քաղաքական մահն ուզում ու այն բեմադրում էր ոչ թե թավշյա հեղափոխության կազմկոմիտեն, այլ Ռոբերտ Քոչարյանը՝ իր մերձավորներով։ ՀՀԿ քարոզչաթիմն էլ, իմանալով այս հրեշավոր իրողության մասին, գերադասում էր ապուշի տեղ դնել ինքզինքն ու… դագաղների «շառը» գցել հեղափոխական թիմի վրա։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Ալիևը Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել