ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերը 90 օրով դադարեցնելու հրաման ստորագրեց՝ դրանց արդյունավետությունն ու երկրի` արտաքին քաղաքականությանը համապատասխանությունը վերանայելու նպատակով։
Թրամփի վերոհիշյալ հրամանագրին նախորդող և հաջորդող շրջանում ակտիվորեն շրջանառվում էին USAID-ին վերագրվող չարաշահումների վերաբերյալ պնդումներ, որոնք հայտնվել էին նաև հայաստանյան տեղեկատվական տիրույթում։
Կարճ ժամանակ անց, սակայն, այդպիսի բազմաթիվ մեղադրանքներ հերքվել են կամ այդպես էլ չեն հիմնավորվել ապացույցներով։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է այդ տեղեկությունները։
USAID-ը $50 մլն-ի պահպանակ չի մատակարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին
Թրամփը հայտարարել էր, որ արգելափակել է իբրև թե «Գազա՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը $50 մլն-ի պահպանակների մատակարարման ծրագիրը»։
Օրեր անց, Թրամփը պնդեց, թե ԱՄՆ-ում ահաբեկչական հայտարարված պաղեստինյան կազմակերպությանը մատակարարվել է $100 մլն-ի պահպանակ։ Սակայն շաբաթներ անց Սպիտակ տանն ասուլիսի ընթացքում ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը ստիպված եղավ ընդունել, որ պաղեստինյան Գազան շփոթել է աֆրիկյան Մոզամբիկի համանուն Գազա շրջանի հետ։
Աֆրիկյան այս բնակավայր նման մեծ քանակությամբ պահպանակների մատակարարումն իրականացվում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու տարածմանն ուղղված ծրագրի շրջանակում։
«Դե, որոշ բաներ, որ ես հայտարարում եմ, կարող են սխալ լինել․․․»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան ասել է Մասկը։
Աստղերի՝ Ուկրաինա ուղևորությունը ֆինանսավորելու մասին տեսանյութը կեղծ է
Սոցիալական մեդիայի ամերիկյան և ռուսաստանյան տիրույթում տարածվել է պնդումը, թե USAID-ը ֆինանսավորել է հոլիվուդյան աստղերի ուղևորությունը Ուկրաինա՝ ռուսական ներխուժումից հետո։
Ուկրաինա այցելած հոլիվուդյան աստղերի վերաբերյալ տեսանյութը տարածել են սոցիալական մեդիայի տարբեր էջեր՝ պնդելով, թե այն պատրաստել է ամերիկյան E! News-ը։ Սակայն լրատվամիջոցը հերքել է՝ նման տեսանյութ չի հեռարձակել, ինչպես նաև նման տեղեկությունների չի տիրապետում։
Փաստացի, կեղծ տեսանյութում չկան փաստեր ու ապացույցներ, որ USAID-ը ֆինանսավորել է Ուկրաինա աստղերի ուղևորությունը։
Տեղեկությունը հասցրել են հերքել նաև պատերազմի ընթացքում Ուկրաինա այցելած մի շարք աստղեր, օրինակ՝ դերասան Բեն Սթիլերը, Շոն Փենը։
Ծանր մեղադրանքներ՝ առանց թեթև ապացույցների
Մասկը X-ի իր էջում մեղադրել է USAID-ը կենսաբանական զենքի մշակումը ֆինանսավորելու համար։
«Գիտե՞ք, որ USAID-ը, ձեր հարկային հատկացումները օգտագործելով, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, ներառյալ COVID-19-ի մշակումը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»,- գրել է նա X-ում:
Սակայն ո՛չ Մասկը, ո՛չ էլ որևէ այլ արժանահավատ աղբյուր ծանրակշիռ ապացույցներ չեն հրապարակել այս պնդման համար։
Հատկանշական է նաև, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայությունը եզրահանգել է վարկածին, որ COVID-19 համաճարակը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից՝ վիրուսի արտահոսքի հետևանքով:
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Ալիևը հայ – թուրքական նոր անհամաձայնություն է բեմադրում
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց