Իսրայելական մամուլը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ բանակցություններում իրավիճակը գնահատել է շատ բարդ:
Ըստ նրա՝ իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում այնպիսի թշնամություն է, որ նախկինում ոչ ոք չէր պատկերացնի: «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի ներկայացրած «գործարքը»:
Այն ենթադրում է, որ ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի իսրայելցի հինգ պատանդի, որոնցից մեկը նաև Միացյալ Նահանգների քաղաքացի է, փոխարենը Նաթանյահուի կառավարությունը բանտերից ազատ կարձակի հարյուր քսան պաղեստինցու, որ ցմահ ազատազրկման են դատապարտված:
Ըստ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ն առաջարկել է, որ Իսրայելը վերացնի Գազայի հյուսիսային հատված արաբ բնակչության վերադարձի արգելքը, ինչպես նաև անմիջապես անցնի բանակցությունների երկրորդ փուլին՝ քննարկելով մշտական հրադադարի, զորքերի դուրսբերման, մարդասիրական օգնության ծավալների սահմանափակումները դադարեցնելու հետ կապված հարցերը:
Վաշինգտոնի համար իրոք շատ բարդ իրավիճակի մասին է վկայում պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը, որտեղ նա ՀԱՄԱՍ-ի պարագլուխներին անվանել է «վատ մարդիկ», իսկ հինգ պատանդի դիմաց երեք հազար պաղեստինցու բանտերից ազատ արձակման, հարյուր վաթսուն զոհվածի աճյունները վերադարձնելու պահանջը՝ «խելացնորություն»:
Գնահատելով բանակցությունների փակուղին՝ vesty.go.il-ը ձևակերպում է, որ Իսրայելը շարունակում է պահպանել հրադադարը, թեև փոխարենը ոչինչ չի ստանում: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որպեսզի միջնորդներին ներկայացնի իր վերջնական պահանջները:
Կարծես թե պարզ պիտի լինի, որ Իսրայելի հետ բանակցություններում ՀԱՄԱՍ-ի կոշտ դիրքորոշումը միայն իր նախաձեռնությունը չէ: Տարածաշրջանի երկրներից ո՞րն է «հովանավորում» պաղեստինյան խմբավորմանը: Իսրայելա-պաղեստինյան միջնորդավորված բանակցություններին նախորդել է Արաբական լիգայի անդամ և Իսլամական համերաշխության կազմակերպության պետությունների խորհրդաժողով:
Երկու դեպքում էլ Գազայի «կարգավորման» Թրամփի ծրագիրը մերժվել է, ընդգծվել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման երաշխիքը Պաղեստինի անկախ պետության կառուցումն է:
Երևում է, Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմը, որ նախկինում ստույգ չի գնահատել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, մտադիր է ձեռնպահ մնալ Գազայում Իսրայելի պատժիչ գործողություններին բացահայտ աջակցելուց՝ զգուշացած լինելով, որ այդ դեպքում լուրջ խնդիրներ կունենա արաբական և, գուցե, ամբողջ իսլամական աշխարհի հետ:
Թրամփի մերձավորարևելյան ծրագրի «տեղապտույտը», հավանաբար, ազդեցություն կթողնի նաև Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների վրա: Ըստ երևույթին՝ երկու գործընթացները խորքային փոխկապակցվածություն ունեն, ինչի անուղղակի վկայություն է, որ ԱՄՆ նախագահը Մոսկվա է գործուղել Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆին: Դատելով տեղեկատվական հոսքերից՝ նա Մոսկվաից թռել է Բաքու, այնտեղից՝ Դոհա:
Բարդ է մերձավորարևելյան որևէ հանգուցալուծում կանխատեսել: Ավելի հավանական է նոր լարվածությունը, որին կարող է ներգրավվել նաև Թուրքիան: Turkiyegazetesi-ն հայտնում է, որ Թուրքիայի բարձրաստիճան պավիրակության և Սիրիայի ղեկավարության միջև բանակցությունների ժամերին իսրայելական օդուժը ռմբակոծել է Դամասոկոսի արվարձանները՝ պատճառաբանելով, որ ոչնչացնում է պաղեստինցի ահաբեկիչների ճամբարը:
Բաց մի թողեք
Եթե Մերձավոր Արևելքն է որոշում նոր աշխարհակարգի ճարտարապետությունը, ապա ո՞ւմ ռեսուրսն է Հարավային Կովկասը
Փաստորեն առաջին հանդիպումից հետո բարձրաձայնված է ավելի բարձր մակարդակի նշաձողը
Ի՞նչ հիմքի վրա կարող են զարգանալ հայ-վրացա-ադրբեջանական հարաբերությունները