29/04/2025

Կազինո գնացող խաղացողը պիտի պետական փողը չտանի խաղա, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն. Սուքիասյան

Աժ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է իր՝ «Մոնտե-Կառլո» խաղատուն այցելելու վերաբերյալ շահարկումներին:

«Ես այդ տիկնոջը հիշում եմ, իմ անվտանգության աշխատակիցն ասաց՝ հայ կինը նկարում է, ասեցի՝ նկարում է, թող նկարի: Այդ երկրում մարդկանց անձնական կյանքը նկարելու հետ կապված անգամ հոդված գոյություն ունի: Նախ՝ այն, ինչ ինքը նկարել է, կազինոյի հետ կապ չունի, կազինոն ձախ կողմն է, սա աջ կողմն է, տարբեր սրահներ կան, ռեստորան կա, խանութներ կան, ամեն ինչ կա: Ես որ ուզենամ կազինո գնամ, ո՛չ Ձեզ եմ նայելու, ՛ոչ էլ այդ նկարողին, իմ գումարն է, ինչ ուզենամ՝ կարող եմ անեմ: Եթե ուզում են համեմատություն անեն, ես միշտ ասել եմ՝ կազինո գնացող խաղացողը պետք է պետական փողը չտանի խաղա, իսկ մասնավոր մարդը ինչ ուզում է թող անի»,- ասել է նա:

Լիագումար նիստի օրերին եք բացակայել՝ դիտարկմանն ի պատասխան, Սուքիասյանն ասել է. «Բացակայել եմ իմ անձնական գործով, դիմում չեմ գրել, զգուշացրել եմ, իմ աշխատավարձից թող պահեն: Բայց վերցրեք, հաճախելիությունը նայեք, այդ մի անգամն է եղել, որ բացակայել եմ»:

«Շատ լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև չգիտենք թե ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում։ Նման մի քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում կամ այդպիսի տպավորություն են թողնում: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի բոլորի համար հավասար: Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորներով քաղաքում, քաղաքից դուրս պտտվելն այդքան էլ ընկալելի չի և տուրիստական հատվածի, և քաղաքացիների համար: Այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն: Նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,- ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ չգիտի՝ ինչ են փնտրել իր թիկնազորի անդամների մոտ. «Ի՞նչ է նշանակում զենք փնտրել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ իմանալ, հետո փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրի, դա էլ թող հասկանան որ զենք փնտրելով չի, այլ պետք է իմանան զենքը կա՞, հատուկ գործիքներով որով կարող են իմանալ: Բայց դա ուղղակի օպերատիվ տվյալ է եղել, ոստիկանությունն իրավունք ունի ցանկացած բան ասի՝ ելնելով իր օպերատիվ գործողություններից»:

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ գետնին տապալել չի եղել․ «Այդ գետին տապալելը դարձրել եք օգտագործման թեմա, հրավիրել են, պարզաբանումներ են վերցրել, ես ողջունում եմ նման գործելաոճը: Նախապես զգուշացրել էին, ուղղակի ես Հայաստանում չէի»: