Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցն ավարտվել է: Այդ առթիվ նա լրագրողներին ասել է, որ երկօրյա հանդիպումների և քննարկումների արդյունքում համոզվել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման ուղեգծին:
Պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն կար, որ Մատվիենկոն առանձնազրույց է ունցել միայն առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, որին Վլադիմիր Պուտինը մի քանի տարի առաջ անվանել է Ադրբեջանում Ռուսաստանի ամենահավատարիմ մարդը:
Բաքվի իշխանական լրատվամիջոցի մոսկովյան «հատուկ թղթակիցը», սակայն, գրում է, որ Մատվիենկոն «դեմ առ դեմ հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան փոխանցել Վլադիմիր Պուտինի կոնֆիդենցիալ ուղերձը:
Ընդ որում՝ նա հիշեցնում է, որ նույն առաքելությամբ Մատվիենկոն այցելել է նաև Անկարա և Վլադիմիր Պուտինից ուղերձ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցին ընդառաջ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն սկսեց և շարունակում է ապատեղեկատվություն տարածել, որ հայկական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը: Ընդ որում՝ Բաքուն «գնդակոծությունների աշխարհագրությունը» սկսել է Տեղից և հասել Գեղարքունիք, Ճամբարակ, ինչպես նաև Սիսիան:
Շատ դժվար է միանշանակորեն պնդել, որ այդ քարոզչությունը Վալենտինա Մատվիենկոյի այցի «օրակարգից» է, բայց, ինչպես ասում են՝ քաղաքականության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, պատահական չէր, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Մայք Ուոլցն արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հեռախոսազրույցի փաստը և հիմնական բովանդակությունը հանրայնացրեց նույն օրը, երբ Մատվիենկոն ժամանել էր Բաքու:
Վլադիմիր Պուտինն ի՞նչ «կոնֆիդենցիալ ուղերձ» է հղել Իլհամ Ալիևին: Մատվիենկոն Բաքու է մեկնել Իլհամ Ալիևի հետ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Էմոմալի Ռահմոնի հեռախոսազրույցից հետո: Ձեռք է բերվել մայիսի 9-ին Մոսկվայում հանդիպելու պայմանավորվածություն:
Ռահմոնը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդներից Իլհամ Ալիևի ամենամտերիմը չէ: Բայց նա Մոսկվա է մեկնել Ղրղըստանի հետ սահմանազատման պայմանագիրը վերջնականացնելուց, երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու համաձայնության հասնելուց հետո:
Մայիսի 9-ին Մոսկվա կմեկնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հայտնի է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցից հետո: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է խաղաղության հասնելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու պատրաստակամությունը:
Նախատեսվո՞ւմ է Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում, այն ծրագրվում է միայն Վլադիմիր Պուտինի հովանու ներքո՞, թե Փաշինյանին կհրավիրեն միանալ Պուտին-Լուկաշենկո-Ռահմոն-Ալիև «կվարտետի՞ն»:
Սահմանին «հայկական կողմից կրակոցների» մասին Ադրբեջանի հետևողական քարոզչությունը, որ սկսվել է Մատվիենկոյի Բաքու այցի օրը, նպատակ ունի Հայաստանին հարկադրել, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրն» ստորագրվի Մոսկվայում՝ որպես եվրասիական անվտանգային միջավայրի ձեւավորման «կոմպոնե՞նտ»:
Հայաստանից ի՞նչ արձագանքի է սպասում Մոսկվան: Վալենտինա Մատվիենկոն կգործուղվի Երևա՞ն, նրա «կրակոցները կդադարե՞ն», թե՞…
Բաց մի թողեք
Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները
Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից