29/04/2025

Սրբուհի Գալյանը հրավիրում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի հանրային քննարկման

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրավիրում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման:

Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, իրավաբան գործընկերներ, տնտեսվարողներ և շահագրգիռ հանրություն

Վերջերս Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ:

Մեդիատիրույթում և սոցիալական հարթակներում պարբերաբար շարունակվում են նախագծի վերաբերյալ քննարկումները և, հատկապես, պնդումները, իբրև թե փոփոխությունների հիմնական նպատակն է պարտադրել մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին վարչական ակտով նախատեսված տուգանքները վճարել մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը:

Որևէ միտում չի եղել պարտադրել ձեզ տուգանքներ կամ այլ դրամական պահանջներ վճարել՝ չսպասելով դրա կապակցությամբ դատական ակտի կայացմանը, և նման միտում օբյեկտիվորեն չէր կարող լինել:

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ.

Կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը մեր բոլոր նախաձեռնությունների, այդ թվում՝ այս նախագծի վերաբերյալ: Ուստի մեր կողմից նախատեսվում է իրականացնել հանրային քննարկում, որին կարող եք մասնակցել յուրաքանչյուրդ՝ գրանցվելով այս ուղերձին կից ներկայացված հղումով»,- նշված է գրառման մեջ: