22/04/2025

«Մենք պատրաստ ենք». Զախարովան մեկնաբանել է հայ գերիներին ազատ արձակելու ԱՄՆ-ի կոչը

Մենք արձանագրել ենք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի կոչերին՝ ազատ արձակելու բոլոր հայ գերիներին, որոնց նկատմամբ այժմ դատավարություն է ընթանում Բաքվում՝ հայտարարել է Մարիա Զախարովան:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտության մասին. ես նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը և հումանիտար հարցերը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան եռակողմ համաձայնագրերով։ Մենք վերահաստատում ենք հավատարմությունը այդ պայմանավորվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին, բարեկամներին ու ընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը ճեպազրույցի ժամանակ:

Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին լուրերի ֆոնին վերջին օրերին, ցավոք, հաճախակի են դարձել սահմանային լարվածության մասին հաղորդագրությունները», – ասել է նա:

Զախարովան նշել է` ռուսական կողմը գործընկերներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել։

Դիվանագետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման հետ կապված հարցին՝ նշելով, որ դա չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, իսկ լիարժեք աշխատանքի վերադառնալը ժամանակ կպահանջի:

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կազմակերպության շրջանակում Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները։

«Բոլորն ուժի մեջ են, բոլորը շատ լավ գիտեն դա»:

Translate »