19/04/2025

Մտահոգիչ են բնակարանային և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը. ՆԳ նախարար

«Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ համակարգի խնդիրն է հենց խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի հնարավոր լինի խմբի հետագա գործողությունները կանխել. «Որ հետևանքի հետևից անընդհատ չվազենք, բռնենք տարածողներին և չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել: Հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել տարբեր դրվագներով»:

«Ինձ համար մտահոգիչ են բնակարանային գողությունները և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը, որովհետև տարբեր խմբեր են գործում շատ հաճախ»,- նախարարը հավելել է, որ դեռ կարիք կա՝ շարունակելու աշխատանքը, քանի որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են ենթակառուցվածքային պայմանները, օրինակ՝ լուսավորության հետ կապված, որպեսզի հասկանան՝ ո՞ր դեպքում չեն տեսանկարահանվի, կամ ինչպես անել, որպեսզի տեսախցիկի առկայության պայմաններում էլ չնույնականացվեն․ «Բնակարանային գողությունների բացահայտման առումով մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք»:

Խոսելով տրանսպորտային միջոցներից կատարված հանցագործությունների մասին, Սարգսյանը նշել է, որ հիմնականում կոնկրետ մակնիշից գողություններն են կատարվում:

Translate »