22/04/2025

Արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման առիթով նախօրեին Երևան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Դատելով սոցցանցային գրառումներից, որ արել էր նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, Վրաստանի վարչապետից բացի Երևան էր ժամանել նաև Վրաստանի պաշտպանության նախարարը: Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները միասին են դիտել խաղը՝ Հանրապետական մարզադաշտում:

Ցավոք, ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի հավաքականը զիջեց Վրաստանի ազգային թիմին՝ 0:3 հաշվով:

Հարկ է նկատել, որ հաշիվը, թերևս, արտացոլում է այսօր թիմերի խաղամակարդակի տարբերությունը: 3 օր անց Թբիլիսիում կլինի պատասխան խաղը: Հայաստանի պաշտոնյաները կմեկնե՞ն այն դիտելու, ինչպես Վրաստանի ղեկավարներն էին ժամանել Երևան, թե՞ առաջին խաղի հաշիվը փակում է ինտրիգը:

Բայց արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան, թե՞ ֆուտբոլն առիթ էր, որն օգտագործվել է Երևանի և Թբիլիսիի միջև այլ թեմաներից խոսելու համար:

Ըստ այդմ՝ գուցե Հայաստանի պաշտոնյաների կիրակնօրյա այցը Թբիլիսի կախված է նրանից, թե Երևանում որքան սպառիչ է եղել խոսակցությունը, քննարկվել են բոլո՞ր հարցերը, թե՞ կա պայմանավորվածություն Թբիլիսիում շարունակելու մասին:

Իսկ իրադարձությունների զարգացումը Կովկասում և դրա շուրջ այնպիսին է, որ քննարկելու թեմաները ոչ միայն բավականին առատ են, այլ նաև ավելանում են գրեթե ամեն օր: Իսկ Հայաստանն ու Ռուսաստանը 2024 թվականի հունվարից սահմանել են հարաբերության նոր կարգավիճակ՝ ռազմավարական գործընկերություն, որը, բնականաբար, ենթադրում է նաև կոմունիկացիայի նոր ռեժիմ ու բնույթ: Վրաստանի վարչապետը Հայաստանում էր նաև հունվարի 30-ին: Տեղի ունեցավ միջկառավարական խորհրդի նիստ:

Դրանից օրեր առաջ նա այցելել էր Բաքու, որտեղ հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջմղմանը: Կոբախիձեն հայտարարել էր նաև, որ Վրաստանն առաջարկում է Երևանին ու Բաքվին տնտեսական եռակողմ գործակցություն, թեև չէր մանրամասնել այդ առաջարկը:

Վրաստանի վարչապետը ֆուտբոլային խաղի առիթով Երևան է ժամանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարություններից օրեր անց: Ընդ որում՝ ուշադրության է արժանի, որ նրա այցի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ առաջարկելով Իլհամ Ալիևին սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ:

Առաջին հայացքից բոլորովին անիմաստ ու անտեղի առաջարկ, եթե լսում ենք, թե ինչ հայտարարություններ ու նախապայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը: Իսկ արդյո՞ք Հայաստանի վարչապետի գրառումը որոշակի «նախաբան» էր Վրաստանի վարչապետի այցից առաջ և Թբիլիսիի միջոցով կարող է Բաքու փոխանցվել որոշակի ավելի դետալային բովանդակություն:

Մյուս կողմից, Հայաստանի և Վրաստանի համար իրավիճակն ունի այլ շեշտադրումներ ու շերտեր՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի առավելապաշտ դիրքավորումը, անկասկած, չի արտացոլում լոկ Հայաստանի հանդեպ դիրքորոշում և վերաբերմունք:

Այդ դիրքավորումը Բաքվի ռեգիոնալ հավակնության մի մաս է, որը, այո՛, հակամարտությամբ պայմանավորված առավել սուր և ցցուն դրսևորում ունի Հայաստանի հանդեպ, բայց, անկասկած, իր ամբողջության մեջ ներառում է նաև Վրաստանը:

Ադրբեջանը հավակնում է ռեգիոնալ «վերակացուցի» դերի, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատելու դեպքում, Ադրբեջանը, իհարկե, ձեռնամուխ է լինելու Վրաստանը ռազմավարական ենթակայության դաշտ բերելուն:

Վրաստանը, իհարկե, հիանալի է պատկերացնում այդ խնդիրներն ու մարտահրավերները, ու թեև ամեն կերպ խուսափում է դրանք «հրահրելու» ռիսկ պարունակող մոտեցումներից՝ փորձելով կառավարել Ադրբեջանի հետ հարաբերությամբ, այդուհանդերձ, ռազմավարական իմաստով Թբիլիսիի համար նույնքան կարևոր է Կովկասում խաղաղության և անվտանգության նոր համակարգի հավասարակշռվածության հարցը, որքան այն կենսական է Երևանի համար:

Translate »