24/04/2025

Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․

«Ի՞նչ կլինի, եթե, այնուամենայնիվ, չհասցնենք նրան հեռացնել և թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը հայցերը (միջազգային դատական ատյաններից) հետ կանչելու որոշում կայացնի»,- հռետորական հարցադրում է արել ԱԺԿ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ինքն էլ պատասխանել:

«Արդյունքում կլինի այն, որ մենք՝ որպես պետություն, ընդունում ենք, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում մորթել է խաղաղ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որ Ադրբեջանը ճիշտ է արել՝ երեք օրում դատարկելով Արցախը»:

Գուրգեն Մարգարյանը սպանվել է Բուդապեշտում՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի նախագահի պաշտոնն ստանձնելուց ոչ լրիվ երեք ամիս հետո: ( Նրա երդմնակալության առաջին արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հոկտեմբերի 31-ին):

Գուրգեն Մարգարյանի սպանությունից ոչ լրիվ երկու ամիս անց Վարշավայում կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որ մասին Հայաստանի նախագահն ասել է․ «Արդյունքներով հպարտանալ չենք կարող, բայց բանակցությունների բնույթը և մթնոլորտը դրական են»:

Ի՞նչ ընթացք կունենար ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը, եթե Ռոբերտ Քոչարյանը, հարգելով երկու ամիս առաջ դաժանորեն սպանված Գուրգեն Մարգարյանի հիշատակը, հրաժարվեր Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կդադարեցնեի՞ն միջնորդությունը, բանակցությունները կխզվեի՞ն, Ադրբեջանը պատերա՞զմ կսկսեր:

Հունգարական բանտից, որտեղ ցմահ ազատազրկում էր կրում, Ռամիլ Սաֆարովը, ինչպես ասված է Հունգարիայի արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, ադրբեջանական կողմից է փոխանցվել 2012 թվականի օգոստոսի 31-ին: Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նա ցմահ ազատազրկման պատիժը պետք է շարունակի կրել Ադրբեջանում և չի կարող վաղաժամկետ ազատ արձակվել՝ մինչև չլրանա ազատազրկման 25 տարին:

Նույն օրը Ռամիլ Սաֆարովը ներման է արժանացել, նրան շնորհվել է մայորի զինվորական կոչում: Ի նշան բողոքի, Հայաստանը Հունգարիայի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները:

Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը, Իլհամ Ալիևի կողմից նրան զինվորական ավելի բարձր կոչում շնորհելը, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության զորքերում նրան ծառայության նշանակումը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին որևէ ազդեցություն չի թողել, Երևանը պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, որ մարդասպանին ներում շնոհող, նրան զինվորական պատվի արժանացնող և հանրայնորեն հերոսացնող երկրի հետ ԼՂ խաղաղ կարգավորման բանակցություններն անիմաստ և աննպատակահարմար են:

Եթե Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը հրահանգված էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների և, իհարկե, Իլհամ Ալիևի կողմից,-իսկ դրանում ոչ մի կասկած չկա,- և խորհրդանշական ազդակ էր Հայաստանին, ապա նրա հայրենադարձությունը և հերոսացումը բացահայտ ակնարկ էր, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը սպասում է Գուրգեն Մարգարյանի ճակատագիրը:

Գուրգեն Մարգարյանն սպանվել է փետրվարի 19-ին, Ստեփանակերտում ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու հարցով մարզային խորհրդի նստաշրջանի կազմակերպման հերթական տարեդարձի նախօրյակին, իսկ հայրենադարձվել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարվան ընդառաջ: Ի

սկ եթե ավելացնենք, որ Ռամիլ Սաֆարովը հերոսացվել է Կազանում ԼՂ կարգավորման գրեթե ամբողջությամբ համաձայնեցված փաստաթղթի ստորագրումն Իլհամ Ալիևի կողմից ձախողելուց մեկ տարի անց և այն փուլում, երբ պետք է գործարկվեր Ստեփանակերտի օդանավակայանը, և Սերժ Սարգսյանը խոստացել էր առաջին չվերթի ուղևոր լինել, ապա խորհրդանշական պատկերն ավելի ընդհանրական կլինի:

Հարցը, թե նպատակահարմա՞ր է, որ Հայաստանը միջազգային դատական ատյաններից հետ կանչի Ադրբեջանի դեմ հայցերը, ինչ խոսք, լրջագույն քննարկման առարկա է: Բայց պետք է ընդունել, որ Գուրգեն Մարգարյանի սպանության դատը քաղաքական առումով Հայաստանը տանուլ է տվել 2004 և 2012 թվականներին:

Իսկ ինչ վերաբերում է երեք օրում Արցախը դատարկելուն, ապա արժե, թերևս, ուշադրություն հրավիրել այն իրողությանը, որ Երևան հասնելուց կարճ ժամանակ անց Արցախի քաղաքական ուժերը, ՀԿ-ները, առանձին գործիչները՝ ավելի քան երկու հարյուր իրավաբանական և ֆիզիկական անձինք, հայտարարել են, որ ազատությունը հայրենիքում գերությունից թանկ ենք գնահատել և հեռացել:

Արցախի քաղաքական վերնախավն առայսօր այլ՝ Ադրբեջանի իշխանություններին խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական պատերազմ սկսելու, հարյուր հիսուն հազար մարդու բռնատեղահանելու մեջ մեղադրող, պաշտոնական փաստաթուղթ չի հրապարակել: