Երկրորդ օրն է, ինչ իսրայելական օդուժն անընդմեջ հարվածում է Սիրիայի բանակի ենթակառուցվածքներին, զինապահեստներին, հրամանատարական կետերին: Մարտի 21-ին, ինչպես պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է հրեական պետության ԶՈՒ Գլխավոր շտաբը, հչթիռակոծվել, ապա զանգվածային ռմբակոծության է ենթարկվել Հոմս նահանգում գտնվող ռազմական երկու՝ Պալմիրայի (Թադմորի) և T4 օդանավակայանը:
Սիրիայի արդեն կառավարական ուժերի ենթակայության այդ ռազմավարական թիրախները խոցվել են Ազգային անվտանգության խորհրդի նիստում Թուրքիայի նախագահի կողմից Իսրայելի հասցեին թույլ տված «սիոնիստական ցեղասպան ռեժիմ» արտահայտության հրարակայնացումից ընդամենը մեկ օր անց:
Ընդ որում՝ Էրդողանը նման չափազանց կոշտ և վիրավորական բնորոշում արել է իր արտաքին և պաշտպանության նախարարների ու MIT-ի տնօրենի Դամասկոս այցից հետո: Ըստ թուրքական մամուլում տեղ գտած որոշ տեղեկությունների՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնել է, որպեսզի թուրք սպաները սիրիական բանակում ծառայության նշանակվեն:
Մարտի 22-ին Իսրայելն օդային հարվածների աշխարհագրությունն ընդլայնել է, ռազմաօդային ուժերի կործանիչներն արդեն հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակա Նաջհա ավանում տեղակայված սպայական զորանոցներին և ռազմական օբյեկտներին: Առայժմ զոհերի և ավերածությունների մասին հստակ տեղեկություններ չկան, բայց Դամասկոսի արվարձանի ռմբակոծումն արդեն իսկ վկայում է, որ Նաթանյահուի կառավարությունը Սիրիայի հարցում որևէ նահանջի հակված չէ:
Տպավորություն է, որ Իսրայելը նման համարձակ քայլերով պարզապես Թուրքիային ձեռնոց է նետում, Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի ամբողջականությունը, պետական ունիտար կառուցվածքը պետք է պահպանվեն, իսկ տարածաշրջանում աշխարհագրություն փոխելու փորձերը կկանխվեն ցանկացած ձևով:
«Տարածաշրջանի աշխարհագրություն» ասելով Թուրքիայի նախագահը նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքի բաժանումը: Պաշտոնամուտի օրը Միացյալ Նահանգների նախագահն Իսրայելի տարածքը համեմատել է իր գրասեղանին գրչի զբաղեցրած տեղի հետ: Փաստացի Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ ութ միլիոն բնակիչ ունեցող Իսրայելին «կենսատարածք է պետք»:
Թուրքիան Իսրայելի տարածքային նվաճումները համարում է իր անվտանգությանը սպառնալիք: Մամուլն ակնարկում է, որ Թուրքիայի դեմ վիրաբուժական գործողություն է նախապատրաստվում: Որոշ մեկնաբաններ համարում են, որ Լաթաքիայում փորձ է արվել 181 կիլոմետր երկարության «միջանցք» բացել և ալավիներով բնակեցված տեղաշրջանը ծովային երթուղով կապել Լիբանանի հետ:
Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումը Թուրքիայի համար այդ երկիրն «օսմանյան աշխարհագրության» սահմաններում ներառնելու հնարավորություն է: Անկարայի հաշվարկն, ըստ երևույթին, այն էր, որ Սիրիայից Իրանի ազդեցության վերացումը պետք է Իսրայելին մղի Թուրքիայի հետ մերձեցման: Նաթանյահուի կառավարությունը, մինչդեռ մի քանի օր տեւած վակուումն օգատագործեց և գրավեց ոչ միայն Գոլանի բարձունքների մյուս հատվածը, այլև զորքեր մտցրեց Սիրիայի հետ սահմանակից այլ շրջաններ:
Դամասկոսի «անցումային շրջանի կառավարությունը», երևում է, Իսրայելի դեմ ռազմական որեւէ քայլի դիմելու ոչ հնարավորություն ունի, ոչ՝ համարձակություն: Մնում է Թուրքիան: Բայց Էրդողանը կգնա՞ Սիրիա զորքեր մտցնելու և իսրայելական ուժերի հետ առճակատման քայլի: Նաթանյահուն վայելում է Դոնալդ Թրամփի լիակատար, անվերապահ աջակցությունը:
Նա Էրդողանին մերժել է վերականգնել F-35 –ի ծրագրին Թուրքիայի մասնակցությունը: Իհարկե, դա արվել է դիվանագիտական «նրբանկատությամբ». Թրամփն առաջարկել է կամ ոչնչացնել ռուսական C 400 ՀՕՊ համակարգերը, կամ դրանք «ի պահ հանձնել» Ինջերլիքի ամերիկյան ռազմաօդային ուժերի հենակայանին:
Ի՞նչ որոշում կընդունի Էրդողանը՝ տևական ժամանակի հարց է: Իսկ մինչ այդ Իսրայելը ոչնչացնում է Մերձավոր Արևելքի «օսմանյան աշխարհագրությունը»:
Բաց մի թողեք
Պետական քաղաքականության և անվտանգության համատեքստում առանցքային բացերից մեկն է
Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբը
Ովքեր են ներկա եղել Հռոմի պապի թաղմանը, ով ում կողքն է նստել․ Լուսանկարներ