29/04/2025

Չի բացառվում, որ Իրանին զսպելու համար ինչ-որ հատվածում ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսի նրա դեմ. Ուիտքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը, խոսելով Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասին, ասել է, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողությունների դիմել պետության դեմ «որոշակի հանգամանքներում»։

Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։

«Մենք բոլոր հարցերը ռազմական ճանապարհով լուծելու կարիք չունենք, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ հասցնեն ինչ-որ կետի, ռազմական գործողությունների չենք դիմի, մենք դա կանենք որոշակի հանգամանքներում»,- ասել է հատուկ բանագնացը։

Նրա խոսքով՝ եթե դիվանագիտական ճանապարհով հնարավոր չլինի լուծել Իրանի հետ խնդիրը, ապա «այլընտրանքն այնքան էլ լավ չի լինի»։

Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ առաջարկելով բանակցություններ վարել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու մտավախությունների պատճառով:

Դրանից հետո ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարեց, որ Թեհրանը չի քննարկի այն գաղափարները, որոնք հանգեցնում են երկրի միջուկային զինաթափմանը։ Ավելի ուշ՝ մարտի 19-ին, Axios-ը հայտնել է, որ Թրամփն իր նամակում նաև զգուշացրել է Իրանին հետևանքների մասին, եթե վերջինս հրաժարվի բանակցություններից։ Նախագահն այնուհետև երկամսյա ժամկետ էր տվել որոշում կայացնելու համար։

Կիրակի օրը՝ մարտի 23-ին, Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել JCPOA (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2015 թվականին և ենթադրում էր, որ Թեհրանը կհրաժարվի միջուկային զենք ստեղծելուց։