Իսրայելի կառավարությունը «կողմ» է քվեարկել ներքին անվտանգության ծառայության՝ ՇԱԲԱԿ-ի տնօրենի պաշտոնից Ռոնեն Բարին հեռացնելու մասին վարչապետ Նաթանյահուի որոշմանը, որ նա ընդունել էր այդ հատուկ ծառայության ղեկավարի նկատմամբ «վստահությունը կորցնելու» հանգամանքով:
Իսրայելի գլխավոր դատախազ Բախարավ-Միարան, սակայն, հայտարարել է, որ վարչապետը չի կարող կամայականորեն հեռացնել ՇԱԲԱԿ-ի տնօրենին, իսկ երկրի Գերագույն դատարանը կասեցրել է կառավարության որոշման կիրարկումը և ապրիլի 8-ին լսումներ նշանակել:
Իսրայելի ընդդիմությունը համոզված է, որ Ռոնեն Բարը պաշտոնից հեռացվում է երկու պատճառով․ ՇԱԲԱԿ-ը հետաքննում է այսպես կոչված՝ «հոկտեմբերի -7»-ի գործը, որպեսզի բացահայտի Իսրայել ՀԱՄԱՍ-ի զինառյալների մուտք գործելու և մի քան ժամ անարգել գործելու հետ կապված բոլոր հանգամանքները:
Երկրորդ գործը կապված է տեղեկությունների հետ, որ կառավարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները Կատարից խոշոր չափերի գումարներ են ստացել և գաղտնի տեղեկությունների փոխանցել այդ երկրի հատուկ ծառայություններին:
Այդ մասին տարածված լուրերը մասնակիորեն հաստատել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը: Նա ՇԱԲԱԿ-ի տնօրեն Ռոնեն Բարին մեղադրել է կառավարության ներկայացուցիչների դեմ կոմպրոմատներ հավաքելու և ժողովրդավարական երկրում հակակառավարական խռովություն կազմակերպելու փորձի մեջ:
Բեն-Գվիրը, որ Նաթանյահուի կոալիցիոն կառավարությունում ներկայացնում է «Հրեական ուժ» աջ ծայրահեղական կուսակցությունը, հայտարարել է, որ Ռոնեն Բարը «հանցագործ է և պետք է գտնվի բանտում»:
Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լռել և համակերպվել: «Ես պետք է վարչապետին խնդրեմ, որպեսզի ստեղծվի Ռոնեն Բարի գործունեությունն ուսումնասիրող կառավարական հանձնաժողով, որպեսզի բացահայտվի նրա կողմից կազմակերպված հեղաշրջման փորձը»,- կառավարության հերթական նիստից հետո հայտարարել է աջ-ծայրահեղական նախարարը, որի քաղաքական դիրքորոշումից է նաև կախված Նաթանյահուի կոալիցիոն կառավարության ճակատագիրը:
Իսրայելի նախկին վարչապետ Բենետը և պաշտպանության ու արտաքին գործերի նախարար Լիբերմանը հայտարարել են խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմելու «մեծ հավանականության» մասին, իսկ ընդդիմությունն առհասարակ Նաթանյահուին մեղադրում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմին վերջ չի տալիս միայն մի պատճառով՝ որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը և խուսափի պատասխանատվությունից:
ՇԱԲԱԿ-ի տնօրեն Բարի դեմ ձեռնարկումները, ինչպես հասկացվում է Նաթանյահուի կողմից նրա նկատմամբ «վստահության կորստի» և նրան «հեղաշրջում կազմակերպելու» մեջ Բեն-Գվիրի ներկայացրած մեղադրանքից, բացառապես ներքին մոտիվացիա ունեն, գործող կառավարությունը փորձում է հանրային տպավորություն ստեղծել, որ խռովարարները խորքային իշխանություն են ստեղծել, որպեսզի Նաթանյահուին անվանարկեն և նրան հրաժարական պարտադրեն:
Խիստ ուշագրավ է, որ Իսրայելում ներքաղաքական սրացումը տեղի է ունենում Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցերին ունիսոն: Ընդ որում՝ Թուրքիայի իշխանություններն էլ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին մեղադրում են քրդական ահաբեկչության հետ համագործակցության մեջ, որ նա, իբր, իրականացրել է Թուրքիայի թշնամիների պատվերով:
Ովքե՞ր են Թուրքիայի թշնամիները, առայժմ ոչ մի կոնկրետություն չկա, բայց դա միայն տեղեկատվական տիրույթում: Թուրքիայի հատուկ ծառայությունները, անկասկած, ունեն իրենց վարկածները: Մանավանդ որ Ստամբուլի քաղաքապետի դեմ հետապնդումներն սկսվել են MIT-ի տնօրեն Քալընի Դամասկոս այցից բառացիորեն մեկ օր անց: Իսկ Սիրիայի տարածքի մի զգալի մասն այսօր Իսրայելի օկուպացիայի տակ է, և այնտեղ, բնականաբար, «Մոսադը» գործում է՝ ինչպես սեփական տանը:
Իհարկե, չափազանց բարդ է ասել, որ թուրքական ընդդիմությունը կապ է ունեցել «Մոսադի», իսկ ՇԱԲԱԿ-ի տնօրենը՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ, բայց փաստ է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բենիամին Նաթանյահում այլևս «արյան թշնամիներ» են, և իշխանության պահպանման ու ամրապնդման նրանց պայքարը, ամենայն հավանականությամբ, անձնական ամբիցիաներից զատ պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրենց երկրների ապագայի համար երաշխիքային միջավայրի ձևավորմամբ:
Այլ կերպ ասած, Սիրիայից Իրանի հեռացմամբ, Թեհրանի գլխավորած «շիադավան աղեղի» աղեղի խզմամբ մի իրավիճակ է ստեղծվել, որ տարածաշրջանում կա՛մ սիոնիզմը պիտի դոմինանտ լինի, կա՛մ նոր-օսմանականությունը: Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանը, կարծես, հակված է սիոնիստական գերակայության հաստատմանը: Ըստ երևույթին՝ քեմալական Թուրքիան նույնպես այդ ուղեգծի մեջ է:
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև