13 տարի առաջ այս օրերին, երբ ՀՀԿ-ի հերթական համագումարից հետո լրագրողներից մեկը հարց էր հղել դրան մասնակցած Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, թե՝ Երևանի քաղաքապետերից մեկը իր «դրայվը» համարում էր քաղաքի կառավարումը, ո՞րն է ձեր իմիջը, «դրայվը», թանկարժեք կոստյումի «դոշին» խաչ կրծքազարդ «խփած» Ղուկասյանն իրեն հատուկ սեթևեթանքով պատասխանել էր՝ «խիղճս չկորցնելը»։
Ո՞վ իմանար, որ այս հայտարարության հեղինակը դա անելու պահին արդեն իսկ կորցրել էր խիղճն էլ, մնացած քրիստոնեական արժեքներն էլ ու արել էր իր մութ գործերը՝ ապօրինի հարստացել էր (համապատասխան վարույթը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է՝ և քրեական հանցակազմ պարունակող արարք թույլ տվել (մտել պետության գրպանը), ընդ որում՝ որդու և եղբոր մեղսակցությամբ: Եվ եթե տեղի չունենար 2018-ի հեղափոխությունը, «Վարդան բարեպաշտ»-ի՝ քաղաքապետ եղած ժամանակ թույլ տված ապօրինությունների վերաբերյալ քրեական գործ չէր հարուցվի, որով մեղադրական եզրակացությունն արդեն մոտ երկու տարի է ՝ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է:
Հիշեցնենք՝ «խիղճը չկորցրած» քաղաքապետից դատախազությունը ապօրինի գույքի գործով պահանջում է 17 անշարժ գույք ու 224 միլիոն դրամ: Բռնագանձման ենթակա գույքերի թվում են 20-րդ դարի սկզբի մեծահարուստներ Դրամփյանների կառուցած պատմամշակութային հուշարձանին կից ավտոսպասարկման կետը և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը:
Ո՞վ իմանար, որ այսքանից հետո անգամ նախկին քաղաքապետը պետք է խիղճն այն աստիճան կորցնի, որ որոշի դիմել արկածախնդրության՝ նորից հավակնի Գյումրիի քաղաքապետի պաշտոնին, ավելին՝ սպառնա ու հայհոյի այն գյումրեցիներին, ովքեր կհանդգնեն դեմ գնալ իր կամքին։ Վկան է երեկ համացանցում հայտնված ձայնագրությունը, որն ուղղակի պատռում է աստվածավախի, աստվածապաշտի, ողորմածի կերպարով ժողովրդին ներկայացող սուբյեկտի դիմակը, մեկը, որը, նկատենք, գյումրեցիների քվեն հայցում է իր ու եկեղեցու պատկերներով ցուցապաստառով, և որի կարգախոսն է՝ «Ե՛վ հույս, և՛ հավատ, և՛ սեր»։ Երևի իր քաղաքի ժողովրդի հանդեպ տածած մե՜ծ, ահռելի սիրուց է, որ Ղուկասյանը նրանց անվանում է «պ*ռնիկներ» և «գյ*թեր», սպառնում՝ «ընտրվեմ՝ պրոբլեմ կունենաք» (լսիր ձայնագրությունը։ Չէինք էլ կասկածում, որ այս ձայնագրության մասին լսելիս Վարդան Ղուկասյանը, հավատարիմ իր տեսակին, պետք է հերքի, որ խոսողն ինքն է՝ այն վերագրելով «արհեստական բանականությանը»։
Աստծո անունը հոլովելով ու ինքզինքը «սրբի լուսապսակով» ներկայացնող Ղուկասյանը, նկատենք, իր հանրային խոսքում քանիցս է աչքի ընկել վուլգար բառամթերքով՝ հոլովելով իր սիրելի՝ «պոռնիկ» և «գալուբոյ» բառերը։ Վարդանիկի սիրելի՝ սուրբ գրքից քաղված արտահայտություններից է՝ «լեզվի պոռնիկն ավելի վատ է, քան՝ կնոջ պոռնիկը»։
Նա, նկատենք, 2013-ին, երբ Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին թույլ տված «քյալագյոզությունների» մասին ու նրան պատասխանատվության կանչելու մասին խոսում էին մամուլն ու ոչ կառավարական շրջանակները, 1in.am-ի հետ զրույցում ի պատասխան իր վրա «գործ տվողների» հայտարարել էր՝ որևէ չարաշահում թույլ չի տվել, «և եթե որևիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է»: Քանի որ նրա կողմից թույլ տված չարաշահումների վերաբերյալ քրեական գործը դատարանում է՝ հարց է ծագում, թե ով է այսքանից հետո անբարոյականը, և ով՝ պոռնիկը։
Նշենք, որ հայհոյանքն ու սպառնալիքը ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլ նաև նրա որդու՝ կրիմինալ պատմությունների «հերոս» Սպարտակ Ղուկասյանի սիրելի ժանրն է։ Այդ մասին են վկայում գյումրեցիները, ովքեր մինչև այժմ սարսուռով են հիշում «վարդանանց ժամանակները»։ Տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների՝ կրտսեր Ղուկասյանը և նրա խումբը զինված են եղել, իսկ Ս. Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները թերթի հետ զրույցներում նշել են, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը, սակայն, անհետևանք է մնացել:
«Սեր»-ն ու «համերաշխություն»-ը տրաֆարետ սարքած ու ճակատին խփած Վարդան Ղուկասյանը, նշենք, տարիներ առաջ, երբ դեռ «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր էր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նորից մտել էր բարեպաշտի կերպարի մեջ ու հայտարարել, թե «իր պաշտոնավարման օրոք ՀՀ ամենաոչկրիմինալ քաղաքը Գյումրին էր, իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան մենք հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելներն իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել՝ ներեք, իրար հետ համերաշխ եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»։ Ո՞վ իմանար, որ «համերաշխության» քարոզիչը, փաստորեն, տարիներ հետո նորից մտնելով ընտրապայքարի մեջ, կմոռանա իր քարոզի մասին ու անձնական զրույցների ժամանակ գյումրեցիների մի խմբի մասին անպարկեշտ բառամթերքով կարտահայտվի։
Գյումրին՝ «կրիմինալ»-ի հոմանիշ
Ղուկասյանը, հիշեցնենք, այն քաղաքապետն է, որի կառավարման տարիներին Գյումրին «կրիմինալ» բառի հոմանիշն էր։ Երբ նա համերաշխություն էր քարոզում, փաստորեն, նրա հարազատ որդին, հոր քարոզածին հակառակ, քրիստոնեական արժեհամակարգին հակասող վարքագիծ էր դրսևորում։ Հիշենք մամուլի հրապարակումները:
2005-ի մայիսի 5-ին Գյումրիի «Դուետ» սրճարանում տեղի էր ունեցել սպանություն, և տարածվեցին տեղեկություններ, թե դրա հետ առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Սակայն այս գործով 14 օր անց ձերբակալվեց «Պիշ» մականունով Արա Մրյանը։
Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի և ռուսական զորամասի սպաների միջև, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել:
2007-ի մայիսի 20-ին օրը ցերեկով փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ղուկասյանի որդու անմիջական մասնակցությամբ, ինչի հետևանքով 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը ձեռքից վնասվածք էր ստացել։ 2007-ին մամուլը գրել էր 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանի մահվան մասին։ Ըստ հրապարակումների՝ Սիմոնյանը անհետ կորել էր մայիսի 20-ից. այդ օրը Գյումրիում տեղի էր ունեցել փոխհրաձգություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ, և վարկածներ էին շրջանառվում, թե երեխան կարող էր մահացած լինել հենց այդ կրակոցների արդյունքում։ Այս դեպքն այդպես էլ չբացահայտվեց։
Աղմկահարույց դեպքերի թվում է նաև 2012 թ.-ի ապրիլի 12-ին Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանությունը։ Եսայանը սպանվել էր հենց քաղաքապետի դստեր հետ նշանադրության օրը:
2012-ի օգոստոսի 24-ին Ղուկասյաններին պատկանող Գյումրիի «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել էր կրակոցներով։ Դրան մասնակցել էր Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։
2013 թ.-ի ապրիլի 23-ին կատարված միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Գործով կար մեկ մեղադրյալ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը:
Ի դեպ, Վարդան Ղուկասյանը երբ որոշել էր քաղաքականություն վերադառնալ պատգամավորի կարգավիճակով՝ մտնելով «Ծառուկյան» դաշինք, նորից Աստծո անունն էր հոլովել. «Ես պաշտոնի խելագար չեմ, լավ է Աստծո կամոք մի որդ կամ ճիճու լինեի, քան մարդկանց կամքով թագավոր կամ իշխան»։
Թե ինչ կարգավիճակով է այս անգամ Ղուկասյանը մտել պաշտոնի համար մղվող պայքարի մեջ՝ «խելագարի՞», թե՞ ճիճվի կամ որդի, թող դատի գյումրեցին։
Բաց մի թողեք
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն
Երբ Պուտինը չի գնում Էրդողանի մոտ, Էրդողանը որդուն Մոսկվա «բանագնա՞ց է ուղարկում»