Մի ողջ երկիր՝ անհամբերությամբ սպասում է մեկ մարդու որոշման եւ այդ մեկ մարդը Մարտուն Գրիգորյանն է՝ Գյումրիի ընտրողների 15 տոկոսից ավելիի ձայները ստացած ընտրացուցակի առաջնորդը։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն առաջադրվել է «Մեր քաղաքը» դաշինքով, որը ձեւավորվել է երկու կուսակցության՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ Նրա ղեկավարած դաշինքը ստանում է 6 մանդատ։ Եւ քանի որ ՔՊ-ն ընդամենը 36 տոկոս ձայն է ստացել եւ ինքնուրույն չի կարող իշխանություն ձեւավորել, իսկ ընդդիմադիր ուժերը՝ միավորվելու դեպքում կարող են Գյումրիում իշխանություն վերցնել, ուստի, կարելի է ասել, ամեն ինչ կախված է մեկ մարդուց՝ Մարտուն Գրիգորյանից, որն ընդհատակ է անցել։ Մենք արդեն գրել ենք, որ մեր լրագրողը նրա շտաբում է, իսկ ինքը չկա եւ հայտնի չէ, թե որտեղ է։
Գյումրիի մեր աղբյուրներն ասում են, որ շատ բարդ է լինելու Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան միավորումը եւ դա ի սկզբանե էր հայտնի, որովհետեւ նրանց միջեւ «արյան վրեժ» կա։ Երկար տարիների թշնամանքն այնքան է խորացել, որ քաղաքական դաշտում չեն այս երկու անձանց միջեւ հակասությունները, այլ միջանձնային են՝ միջկլանային։ Ընդ որում, եթե Վարդան Ղուկասյանն ավելի շատ է հակված համագործակցության, Մարտուն Գրիգորյանի վիճակն ավելի բարդ է։
Բանն այն է, որ նրա մեծ ազգուտակը, որը մեծ աշխատանք է կատարել նախընտրական փուլում եւ մեծապես նրանց շնորհիվ է նաեւ Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ ստանձնել, շատ կտրուկ է տրամադրված։
Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը գուցե եւ գնար քաղաքական կոմպրոմիսի՝ հանուն Գյումրիում իշխանափոխության եւ ՔՊ-ի պարտության, սակայն ազգուտակը կատեգորիկ է դրել հարցը՝ կամ մենք, կամ՝ Վարդանի հետ համագործակցությունը։ Եւ հիմա խնդիրը ոչ այնքան Մարտուն Գրիգորյանին, որքան նրա ազգուտակին՝ հորը, բարեկամներին, մերձավոր շրջապատին համոզելու մեջ է։
Մեր տեղեկություններով, այս անհաղթահարելի խոչընդոտը հեռացնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում Արթուր Վանեցյանը, տարբեր անհատներ եւս, բայց խնդիրը բարդ է։ Մանավանդ՝ իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստել՝ կրակի վրա յուղ է լցնում եւ հրահրում երկու ընդդիմադիրների կոնֆլիկտը։
Երեկվանից հասարակությունը սպասողական վիճակում է: Արդյո՞ք Գյումրիում ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և կտապալեն Փարաքարում տապալված Քաղպայմանագրին: Ռուբեն Մխիթարյանը, ով հավաքել է 7,87 տոկոս ձայն, արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է միանալ Վարդան Ղուկասյանին: 6,11 տոկոս ձայն հավաքած Կարեն Սիմոնյանը նույնպես հայտարարել է, որ միանում է Վարդան Ղուկասյանին: Խնդրահարույցը` Մարտուն Գրիգորյանն է, ով հավաքել է 15,56 տոկոս ձայն եւ դեռ հայտարարություն չի արել:
Գաղտնիք չէ, որ Ղուկասյանն ու Գրիգորյանը հին հաշիվներ ունեն, թեպետ երեկ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Իմ և Մարտուն Գրիգորյանի միջեւ լարվածությունը սարքել է Երեւանը. դիտավորյալ սարքել են «բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները», – ասել է Ղուկասյանը՝ ակնարկելով Սերժ Սարգսյանին:
«Մեր քաղաքը» դաշինքի կազմում են «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները: Մեր տեղեկություններով` «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ամեն ինչ անում է, որպեսզի Մարտուն Գրիգորյանը միանա Վարդան Ղուկասյանին:
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանից փորձեցինք պարզել` խոսե՞լ է Մարտուն Գրիգորյանի հետ, և վերջապես որպես ընտրություններին մասնակցած կուսակցության առաջնորդ` ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում: Թարվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ երկրում չէ.
«Տեղս շատ անհարմար է, բայց միայն կարող եմ ասել, որ հարցն այս պահին քննարկվում է։ Քաղաքականությունը հետաքրքիր գիտություն է, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը` ես ցանկանում եմ, որ ժողովրդի կամքը արձանագրվի, հիմա պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի, ամեն ինչ պարզ կլինի ընթացքում: Քաղաքականության մեջ շտապել պետք չէ», – ասաց Թարվերդյանը:
Հարցին` խոսե՞լ եք Մարտուն Գրիգորյանի հետ այս թեմայով, մեր զրուցակիցն ասաց, որ այլևս չի կարող զրույցը շարունակել, ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ:
«Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը խուսափեցին հստակ տեսակետ հայտնել այս ամենի առնչությամբ, պարզաբանելով, որ առաջիկայում անպայման որոշում կկայացվի և այդ մասին հանրությունը կիմանա:
Արսեն Բաբայանը նշել է. «Երբ կլինի համապատասխան հայտարարություն, կիմանանք: 70 տարեկան կնոջը, որին երեկ ձերբակալել էին, այժմ ես սպասում եմ դրա շուրջ ծավալվող քննչական գործողություններին: Դա է ինձ համար պրոբլեմը: Մնացածի մասով` հետո»:
Հարցին` ի՞նչ կարծիք ունեք Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան գրառման մասին, որտեղ նա շնորհավորել էր հաղթանակ տարած ուժերին, իսկ վերջում, ըստ էության, սպառնացել` հավելելով, որ ընտրակեղծիքների դիմած ուժերը օրենքի առաջ պատասխան են տալու, Բաբայանն ասել է. «Չեմ հավատում, որ պատասխանատվության են ենթարկվելու ընտրակեղծարարությունների դիմած անձինք, քանի որ դրանք իշխանության ուժերն են»:
Սոս Հակոբյանն էլ հավելել է. «Մենք շատ հարգում ենք լրատվամիջոցներին, սակայն եթե ունենայինք որոշում, չէինք սպասի, որ լրատվամիջոցները հետաքրքրվեին, նոր հայտարարեինք, երբ լինի որոշում, երբ ամեն ինչ պատրաստ լինի` Մարտուն Գրիգորյանը կամ` մենք, հանդես կգանք հայտարարությամբ»: Բայց չունե՞ք անձնական տեսակետ, կուսակցության հայտարարությունից անդին այս հարցի վերաբերյալ, գուցե կուսակցության անդամները տարբեր տեսակետներ ունեն. նկատեցինք մենք. «Կուսակցությունում գուցե տարբեր անձինք տարբեր տեսակետներ ունենան այլ հարցերի վերաբերյալ, բայց նման հարցերում պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ: Ոչինչ գաղտնիք չի մնալու»:
Բաց մի թողեք
Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»
Բաքուն շարունակում է հայերին մեղադրել «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մեջ
Ալիևը կհավատա ՀՀ ՍԴ նախագահին ու նոր պահանջ կձևակերպի