Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերը Երևանում հայտարարել է, որ առաջիկայում Երևան կայցելի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը:
Շտայնմայերը չի ասել, թե արդյո՞ք Կալլասի այցը՝ ինչպես իրենը, լինելու է ռեգիոնալ, այսինքն` Երևան և Բաքու: Թբիլիսի, իհարկե, չեն գնում, քանի որ Վրաստանի կառավարող ուժի ու Եվրամիության ղեկավարության հարաբերությունը, մեղմ ասած, բարվոք չէ:
Ըստ Շտայնմայերի՝ Կալլասը Երևան է ժամանում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցեր քննարկելու համար: Այն, որ պատրաստվում է այդպիսի համաձայնագիր՝ հայտնի է վաղուց, դա հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն:
Իհարկե, հայտնի չեն դրա մանրամասները, ինչպես նաև այն, թե այդ համաձայնագրի «հանդեպ» ինչ ճակատագիր է սպասում 2017 թվականին կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրին կամ այսպես ասած «ՍԵՊԱ»-ին: Ընդ որում՝ այդ համաձայնագիրը կատարված է մոտ հիսուն տոկոսով:
Այսինքն՝ կա դեռ կատարելու հսկայածավալ աշխատանք, բայց Երևանն ու Բրյուսելը քննարկում են նոր փաստաթուղթ: Հայաստանի ԱԳ նախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե դրանում տեղ է ունենալու անվտանգության բաղադրիչը, ինչն աննախադեպ է:
Իհարկե, աննախադեպության մասին հայտարարությունը, թերևս, չափազանցություն է, քանի որ այդ թեման Հայաստանի ու ԵՄ միջև առկա է եղել նաև մինչ այդ, պարզապես հարցն այն է, թե ինչ ծավալով ու տրամաբանությամբ:
Առայժմ, սակայն, հայտնի չէ նաև քննարկվող նոր համաձայնագրի այդ մասը: Խոշոր հաշվով, սակայն, ըստ ամենայնիլ այստեղ էականը քաղաքական համատեքստի փոփոխությունն է: Հայաստանի ու ԵՄ միջև ընդլայնված համապարփակ համաձայնագիրը կնքվել է ռեգիոնալ այսպես ասած նախկին ստատուս քվոյի պայմաններում:
Ներկայումս այլ ստատուս քվո է, որտեղ Եվրամիությունը հետապնդում է այլ նպատակներ և ռազմավարական առաջնահերթություններ, որոնք ենթադրում են Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորում: Եթե 2017 թվականի համաձայնագիրը, ըստ էության, ԵՄ ադապտացիան էր գոյություն ունեցող ստատուս քվոյին, ապա նոր համաձայնագրի քաղաքական համատեքստը, թերևս, այն է, որ Եվրամիությունն այդ կերպ արդեն փորձում է մտնել առավել նախաձեռնողական ռեժիմի մեջ, որը մտված է արդեն առավել «առաջանցիկ» տրամաբանությամբ սպասարկել այն առաջննահերթությունները, որ ունի ԵՄ-ն աշխարհաքաղաքականության իմաստով:
Այդ հանգամանքներն ու դրանց մոտիվացիոն հիմքն առավել խթանվում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ դիմակայության արդյունքում:
Ակնառու է, որ նոր իրողություններում Բրյուսելն իր այդ քաղաքականության հենման կետ դիտարկում է Հայաստանը: Սա մի կողմից ավելացնում է հնարավորությունները, մյուս կողմից՝ մարտահրավերները, որովհետև ԵՄ ներկայիս ղեկավարության քաղաքականության համար Հայաստանն ինքնին նպատակ չէ, այլ միջոց՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա «կոմբինացիան» ստանալու համար:
Երևանի համար սա իսկապես բարդ մարտահրավեր է՝ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությամբ առավելագույնը կարողանալ կորզել հնարավորությունների մասով, և զրոյացնել կամ առնվազն նվազագույնի հասցնել մարտահրավերները, որ գոյություն ունեն ԵՄ ռազմավարության ամբողջության մեջ:

Բաց մի թողեք
Գերմանիայի ազդեցության նվազումը ոչ մեկի համար շահավետ չէ
ԵՄ առաջնորդները պահանջում են ֆոն դեր Լեյենի գործիքները Չինաստանի դեմ
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի