Ապրիլի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։
Այդ մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես է եկել դեսպան Տիգրան Բալայանը։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին մշտական ուշադրության համար՝ ընդգծելով Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում Հայաստանին աջակցության ամրագրումը։ Այդ համատեքստում Տիգրան Բալայանը կարևորել է հայ-բելգիական փոխգործակցության խորացումը, ինչին նպաստում են Երևանում Բելգիայի դեսպանության առկայությունն ու ակտիվ գործունեությունը։
Խորհրդարանական լսումներին դեսպան Բալայանը նշել է, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ առաջարկելով փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն և բարգավաճ ապագայի։ Նա կարևորել է միջազգային հանրության հետևողական ջանքերն իրավիճակի սրացումը կանխելու և Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Պատգամավորների հարցերին արձագանքելով՝ դեսպան Բալայանը համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող աշխատանքները։
Բաց մի թողեք
Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն