24/04/2025

ԱՄՆ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղաբաշխում Իսրայելում, Նաթանյահուն` դատվում է

Մինչ աշխարհը «շունչը պահած» սպասում է Իրանի շուրջ «գորդյան հանգույցի» լուծմանը, Իսրայելում հասունանում է ներքաղաքական սուր ճգնաժամ: Վարչապետ Նաթանյահուն հարկադրված է եղել ենթարկվել գլխավոր դատախազության և Գերագույն դատարանի միջամտությանը և ՇԱԲԱԿ-ի նոր տնօրենի նշանակումը հետաձգվել է:

Առաջիկա երեքշաբթի Գերագույն դատարանը կքննարկի այդ կառույցի դեռևս գործող ղեկավար Ռոնեն Բարի բողոքը:

«Եդիոտ ախրոնոտ» պարբերականին հայտնի են դարձել նրա հայցադիմումի որոշ մանրամասնություններ: Ամենացնցող բացահայտումը, որ արել է ՇԱԲԱԿ-ի տնօրենը, վերաբերում է նրան, որ վարչապետ Նաթանյահուն խնդրել է ստեղծել հիմքեր, որպեսզի դատարանում իր դեմ հարուցված չորս քրեական գործով ցուցմունքներ չտա:

Ռոնեն Բարը Գերագույն դատարանին հայտնել է, որ հրաժարվել է պետական անվտանգության ծառայությունը վերածել գաղտնի ոստիկանության, որ կսպասարկի վարչապետի եւ կառավարության անդամների անձնական շահերը:

Vesty.go.il-ի մեկնաբանը պատկերում է իրավիճակ, երբ Գերագույն դատարանը կորոշի, որ ՇԱԲԱԿ-ի տնօրենը քաղաքական հետապնդումների ենթարկվում և նրա պաշտոնանկությունը Նաթանյահուի քմահաճույքն է, իսկ վարչապետը չի ենթարկվի և հռետորական հարցադրում անում. «Այդ դեպքում ոստիկանությունը Ռոնեն Բարին ուժով կհեռացնի՞ իր նստավայրից, եթե ոստիկանությունը հրաժարվի, Նաթանյահուն բանակը փողոցներ կհանի՞»:

Երուսաղեմում, կարծես, իրավիճակը չափազանց բարդ է. ՇԱԲԱԿ-ի ուղղորդմամբ ոստիկանությունը ձերբակալել է Նաթանյահուի խորհրդականներից մեկին և ռազմական հարցերով նրա մամուլի նախկին քարտուղարին, որ մեղադրվում են Կատարից ֆինանսական փոխհատուցման դիմաց իսրայելական մամուլում այդ երկրի դրական իմիջ ձեւավորելու և Եգիպտոսին բացասական լույսի ներքո ներկայացնելու մեջ:

Նաթանյահուն հայտարարել է, որ իր շրջապատի մարդկանցից բռնությամբ փորձում են վարչապետի դեմ ցուցմունքներ կորզել: Փորձագետները և մամուլը կառչել են Կատարի մասին Նաթնայահուի բնորոշումից, որ «բարդ երկիր է» եւ վկայակոչում են ՀԱՄԱՍ-ի հետ պաշտոնական Դոհայի համագործակցության բազմաթիվ փաստեր:

«Եդիոտ ախրոնոտի» մեկնաբանը սարկազմով գրել է. «Եթե ՀԱՄԱՍ-ի ֆինանսակոն հովանավոր Կատարն ընդամենը «բարդ երկիր է», ապա այդ տրամաբանությամբ «Իրանն էլ հետաքրքիր է», ինչո՞ւ չփորձել իրացնել այդ հնարավորությունը»:

Խնդիրը, ըստ երևույթին, այն է, որ ընդդիմությունը պահանջում է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառները հետաքննող անկախ պետական հանձնաժողով ստեղծել, իսկ Նաթանյահուն փորձում է սահմանափակվել խորհրդարանական «լսումներով»:

Պաշտպանության նախկին նախարար, «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը մամուլի համար պաշտոնական հաղորդագրություն է տարածել եւ հավաստիացրել, որ դեռևս 2016 թվականին 11 էջանոց զեկուցագիր է «դրվել վարչապետի սեղանին, որտեղ կանխատեսվում էր ՀԱՄԱՍ-ի հարձակման և՛ ուղղությունը, և՛ բնույթը»:

Լիբերմանը չափազանց աղմկոտ հայտարարություն է արել, ըստ որի՝ «Բիբին Կատարի իշխանությունների միջոցով կապվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի հետ եւ նրան ներկայացրել Իսրայելի ՊՆ կանխատեսումները»:

Իսրայելում ներքաղաքական դիմակայությունը նախորդում է Նաթանյահուի Վաշինգտոն այցին, որի ընթացքում, ինչպես կանխատեսվում է, նա Միացյալ Նահանգների նախագահի հետ կքննարկի Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցը: Որքանով հասկացվում է՝ Իսրայելի ոչ բոլոր քաղաքական ուժերն են համաձայն Իրանի հետ պատերազմին:

«Մենք ութ ճակատով չենք կարող պատերազմել մի իրավիճակում, երբ կառավարությունում կան ուժեր, որ զորակոչից խուսափումը համարում են օրթոդոքս հավատացյալների իրավունքը»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը:

Ի՞նչ հայտարարի կգան Դոնալդ Թրամփը և Բենիամին Նաթանյահուն: Ռուսաստանը միանշանակորեն անընդունելի է գնահատել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը: Չինաստանը գրեթե «շրջափակել է» Թայվանը: ԱՄՆ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղաբաշխում Իսրայելում:

Այդուհանդերձ, ներիսրայելական դիմակայությունը կարող է վերաճել կառավարական ճգնաժամի. Նաթանյահուի գլխավորած կոալիցիան չափազանց փխրուն է: