19/04/2025

Վերջնականապես վերածվել Թուրքիայի «կրտսեր սատելիտի»

ADA համալսարանում կազմակերպված «միջազգային խորհրդաժողովի» բացման խոսքում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է թուրք-իսրայելական լարվածությանը:

«Ադրբեջանը միջնորդել է Թուրքիայի և Իսրայելի առաջին հաշտեցմանը, ճգնաժամի փուլում մենք այդ երկու երկրների տեսակետների մերձեցմանը գործուն մասնակցություն ենք ունեցել»,- ասել է Ալիևը:

«Մենք Թուրքիայի դաշնակիցն ենք, 2021թվականին ստորագրել ենք Շուշիի հռչակագիրը»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը և հավելել, որ Իսրայելը նույնպես բարեկամ երկիր է, այդ բարեկամությունը երկար տարիների ընթացքում դրսևորվել է տարբեր բարդ իրավիճակներում, ուստի մեզ անհանգստացնում է այդ երկու երկրների (Թուրքիայի և Իսրայելի) միջև ցանկացած տարաձայնություն:

Իսրայելա-թուրքական տարաձայնությունները բացահայտված են Գազայում իրավիճակի սրացումից ի վեր: Անցած մեկուկես տարում Ադրբեջանի նախագահն այդ խնդրի շուրջ «գերեզմանային» լռություն է պահպանել, որի խախտումը, անկասկած, պայմանավորված է Իսրայելի վարչապետի Վաշինգտոն այցի, ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո ստեղծված իրավիճակով, Նաթանյահուն «բացարձակապես անընդունելի» է համարել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը:

Ադրբեջանի նախագահը փաստացի խոստովանել է, որ իսրայելա-թուրքական «անհամաձայնությունները հարթելու» հարցում որևէ դերակատարություն չի կարող ունենալ: Եթե խնդիրը բարձրացել է Իսրայել-ԱՄՆ-Թուրքիա քննարկումների մակարդակի, ապա Իլհամ Ալիևն այդ «ջրերում որսալիք ձկնիկ» չունի:

Բայց նա «անհանգիստ է», իրականում՝ տագնապահար, որովհետև եթե իրավիճակը սրվի, ապա հակադրված է լինելու կատարել Շուշիի հռչակագրով Թուրքիայի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Իսկ դրանք ներառնում են նաև փոխադարձ ռազմական օգնությունը:

Պատահակա՞ն է, թե՞՝ ծրագրված, բայց Ալիևի «անհանգիստ մտորումներին» գրեթե ունիսոն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդաժողովում և բառացիորեն հայտարարել, որ Թուրքիան մշտապես կսատարի սիրիացի եղբայրներին և վճռականապես կկատարի Սիրիայում կայունություն ապահովելու իր պարտավորությունը։

Էրդողանը, ինչ խոսք, այս հայտարարությամբ պատասխանել է Իսրայելի վարչապետին: Սիրիայում «կայունություն ապահովել»՝ Թուրքիայի նախագահի ծրագրով նշանակում է այդ երկրում առնվազն երեք ռազմակայան ունենալ:

Ընդ որում՝ Էրդողանը մտադիր է Պալմիրայի և T 4 ռազմական օդանավակայաններում տեղաբաշխել ռուսական C 400 հակահրթիռային կայանքներ: Դա լուծում է նաև այդ հարցում ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների խնդիրը:

Որոշակի իմաստով, այդուհանդերձ, Էրդողանի հայտարարությունը նաև պատասխանում է Ալիևին: Նախ՝ հասկացվում է, որ Իսրայելի հետ «տարաձայնությունները» դուրս են Ադրբեջանի միջամտության տիրույթից: Հստակ է, որ Թուրքիան Սիրիայում ռազմական ներկայության հարցում ետքայլի մտադրություն չունի: Նաթանյահուն ապրիլի 8-ին ակնարկել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է «միջնորդ լինել»:

Հնարավոր է՝ Սիրիայում իսրայելական և թուրքական ազդեցության գոտիների բաժանում լինի: Բայց այդ մեծ համաձայնությունից Իլհամ Ալիևը հաստատ դուրս կմնա: Իսկ դա նշանակում է վերջնականապես վերածվել Թուրքիայի «կրտսեր սատելիտի»:

Translate »