Վերջին շրջանում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հաճախակիացել են կալանավորների մահվան դեպքերը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2008 թվականից մինչև 2025 թվականի ապրիլի 8-ի դրությամբ կալանավորների մահերի վիճակագրությունն ու պատճառները։
Այսպես, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ FIP.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում մահերի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ 38 դեպք, իսկ ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին՝ 5 դեպք։
Ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում կալանավորների մահերի ընդհանուր 381 դեպքերից 39-ի պատճառը ինքնասպանությունն է, ինչը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 10%-ը։
Ծառայությունը 2008-2012 թվականների վիճակագրությունը ներկայացրել է մեկ թվով, քանի որ տվյալները չեն պահպանվել։ Նշված 5 տարում գրանցվել է, ընդհանուր առմամբ, 3 դեպք։
Ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին՝ 8 դեպք, 2024 թվականին, ըստ Ծառայության, ինքնասպանության որևէ դեպք չի գրանցվել։ Հատկանշական է, որ ընթացիկ տարվա ապրիլի 8-ի դրությամբ ինքնասպանությունների թիվն արդեն 4 է։
Նշված ժամանակահատվածում գրանցվել է կալանավորների սպանության երեք դեպք․ 2016-ին, 2021 և 2022-ին, համապատասխանաբար, մեկական դեպք։ Դժբախտ պատահարի հետևանքով մահվան մեկ դեպք է գրանցվել՝ 2017 թվականին։
Մահերի մեծ մասի՝ 338 դեպքի պատճառը, ըստ ՔԿ ծառայության, կենսաբանական մահն է։ Հատկանշական է, որ դրանց 35.7%-ը կամ 121 դեպքը գրանցվել են քրեակատարողական հիմնարկներում, իսկ 63.6%-ը կամ 215 դեպքը՝ քաղաքացիական բժշկական հաստատություններում։
2022 թվականին կալանավորի մահվան մեկ դեպք է գրանցվել դատարանի դահլիճում, 2023 թվականին մեկ դեպք է գրանցվել շտապօգնության մեքենայում։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել