22/04/2025

Արցախի ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում. Ինչու ․․․

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սամվել Շահրամանյանը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 8-ին դիմել է Հայաստանի գլխավոր դատախազությանը և միջնորդել, որ Արցախի նախկին պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ հանրության լայն շրջանակներում տարածված խոսակցություններին վերջ տալու համար հարուցվի քրեական գործ:

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Արցախի նախագահի անմիջական ցուցումով դատախազությանն են դրամադրվել Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները: Սամվել Շահրամանյանը նույնիսկ պատկան մարմնին բացատրություն է տվել:

Ամփոփելով՝ Արցախի տեղեկատվական շտաբը թեման շահարկողներին խորհուրդ է տալիս սպասել քրեական գործով նախաքննության ավարտին, ոչ թե «տուրք տալ արցախցիների միասնությունը տրոհող լուրերին»:

Սա չափազանց պատասխանատու, իսկ քաղաքական առումով ինտրիգային հայտարարություն է, որի իմաստն այն է, որ Սամվել Շահրամանյանը, Արցախի քաղաքական վերնախավը խիստ շահագրգռված է, որ առերևույթ հանցագործությունները բացահայտվեն, մեղավորներն ստանան արժանի պատիժ, բայց քանի որ գործի վարույթն իրականացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը, իրենք միջամտելու իրավունք և հնարավորություն չունեն:

Առերևույթ հանցագործության մասին Սամվել Շահրամանյանի «հաղորդումից» անցել է մեկուկես տարի: Այդ ընթացքում գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, երևի, տասնյակ անգամ Ազգային ժողով են ներկայացել այս կամ այն հարցով: Արտառոց է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները երբեք այդ հարցը չեն բարձրացրել: Բայց ավելի քան անհասկանալի է, թե ինչո՞ւ են իշխող կուսակցության պատգամավորները նույնպես թեման շրջանցում:

Ստացվում է պարադոքս: Իշխող կուսակցության պատգամավորներն իրենց ելույթներում Արցախի քաղաքական վերնախավին սուր քննադատում են, բայց երբեք չեն հետաքրքրվում, թե գլխավոր դատախազությունն ինչո՞ւ Սամվել Շահրամանյանի «հաղորդման» հիմքով հարուցված քրեական գործով հանրությանը, խորհրդարանին որևէ տեղեկություն չի տրամադրել:

Իրոք քրեական գործ հարուցվա՞ծ է, ու՞մ վարույթում է գտնվում՝ ԱԱԾ-ի՞, Քննչական կոմիտեի՞, գլխավոր դատախազությա՞ն: Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը փաստացի Հայաստանի պատկան մարմիններին է հասցեագրում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հանրային հետաքրքրության պատասխանի պարտավորությունը:

Ավելի մատչելի լեզվով ասած՝ այդ հարցում Սամվել Շահրամանյանը բացարձակ անպարտ է, նա միջնորդել է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը «պատժի արցախցի օրինազանց պաշտոնյաներին», իսկ վերջինս մեկուկես տարի է՝ կոնկրետ վարույթի մասին հանրությանը ոչ մի տեղեկություն չի հայտնել: Մարդիկ Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից են տեղեկանում, որ Սամվել Շահրամանյանը բացատրություն է տվել:

Ո՞րն է գլխավոր դատախազության լռության պատճառը: Բռնատեղահանված հազարավոր արցախցիներ Հայաստանի կառավարությունից շատ դժգոհ են նաև այն պատճառով, որ Արցախի ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում: Եթե դրա համար իրավական հիմքեր չկան, ապա գլխավոր դատախազությունը կարող է պաշտոնապես այդ մասին հայտարարել:

Արցախի ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում. Ինչու է ազատ ֆռֆռում Աշոտ Ղուլյանը ․․․

Translate »