Բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված եւ համակարգված քաղաքականությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Ծանր շինարարական եւ ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի եւ թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային եւ պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձեւելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։
Այդ քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Ինչպես փոխանցում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 եւ 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական եւ համակարգված ավերման մասին։ Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։
Սա մեկ օրինակ է՝ Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր եւ քաղաքներ կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական եւ քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքը՝ իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլեւ ջնջվում են որպես մշակութային հիշողության կրողներ։ Այստեղ այլեւս կասկածի տեղիք, որեւէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլեւ մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ, այլ՝ համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում եւ արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին։
Բաց մի թողեք
Թե՛ Խոզնավարի, թե՛ հարևան Արավուսի ու Խնածախի բնակիչները գիշերները չեն քնում
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Հայ հեղինակները Թուրքիայի արտգործնախարարի մասին գիրք են գրել Մոսկվայում․ Լուսանկար