29/04/2025

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ղրղզստանում և Հայաստանում օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը:

Այս մասին հաղորդել է Մասկի գլխավորած ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ»,- հայտնել է DOGE-ը «X»-ի միկրոբլոգում:

Կառավարության արդյունավետության վարչությունը ևս մեկ առանձին գրառում է կատարել՝ նշելով լրացուցիչ դրամաշնորհների չեղարկման մասին, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանին։ Խոսքը Հայաստանին տրամադրվող 2 միլիոն դոլար արժողությամբ «Ժողովրդավարական մշակույթի տարածումը» ծրագրի մասին է։

Նաև կրճատման տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայում 5,2 միլիոն դոլարի, Ուզբեկստանում 2,5 միլիոն դոլարի, Բելառուսում 2,4 միլիոն դոլարի, Մոլդովայում 2 միլիոն դոլարի, Ղրղզստանում 750 հազար դոլարի և մի շարք այլ ծրագրերի դրամաշնորհները։

Բացի այդ՝ չեղարկվել են պետքարտուղարության ծրագրերը Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Լիբիայում, Մավրիտանիայում, Թունիսում և Շրի Լանկայում, նշվում է հաղորդագրության մեջ։