Ներկայացնելով կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ 2018 թվականից հետո Հայաստանի պետական բյուջեն աճել է 4,2 միլիարդ դոլարով:
Այլ կերպ ասած, 2018-ի համեմատությամբ, 2024-ին կա այդպիսի տարբերություն: Առաջին հայացքից դա տպավորիչ վիճակագրություն է, բայց թերևս միայն առաջին հայացքից:
Որովհետև, եթե դիտարկում ենք այսպես ասած, կառավարությունից անկախ գործոնները, ապա ակնառու է դառնում, որ բյուջետային հավելյալ մուտքեր, բյուջեի ծավալի աճ ապահովելու համար կառավարությանը պետք էր ընդամենը չխանգարել այդ գործոններին:
Այսօր, երբ Հայաստանի տնտեսական համայնապատկերից դուրս ենք բերում այդ հարակից գործոնները, դրանց ծավալը, ազդեցությունը, ապա ստանում ենք տնտեսության՝ մեղմ ասած բավականին մտահոգիչ պատկեր: Հայաստանի տնտեսության արտադրական ներուժը չի աճել:
Ավելին՝ մի շարք առումներով այն նվազել է և նվազում է: Մինչդեռ ուժեղ է այն տնտեսությունը, որը ստեղծում է, որի ստեղծարար, արտադրող, արտահանելի կարողություններն աճում են: Մեզանում աճել է պետական պարտքը և շարունակում է աճել:
Բոլորովին վերջերս Հայաստանը թողարկեց 750 միլիոն դոլարի նոր եվրապարտատոմսեր, որը համարվում է այսպես ասած՝ թանկ վարկ: Եվ դրանցից ստացված փողը սպասարկելու է բյուջեի դեֆիցիտը: 2018-ից ի վեր Հայաստանի պետական պարտքը, ըստ էության, կրկնապատկվել է՝ գերազանցելով ՀՆԱ 50 տոկոսը: Միևնույն ժամանակ, նվազում է Հայաստանում օտարերկրյա ներդրումային պորտֆելի ծավալը:
Խոշոր ծրագրերի առումով Հայաստանը 2018-ից հետո աչքի է ընկնում անհաջողությունների, ոչ թե հաջողությունների պատմություններով: Ըստ էության՝ դանդաղ, բայց, կարծես թե, բավականին համառ քայլերով ճգնաժամ է հասունանում անշարժ գույքի շուկայում: Հայաստանի տնտեսությունը շարունակում է կառավարվել, ըստ էության, տարերայնությամբ, որտեղ, ըստ էության, միակ հետևողականությունը ուրվագծվում է հարկային բեռի ավելացման դաշտում: Ըստ էության՝ տպավորություն է, որ բյուջետային հավաքագրումը ներկայիս կառավարության համար դարձել է այսպես ասած «իդեա ֆիքս»:
Բյուջեն, անշուշտ, շատ կարևոր է, բայց դրա ծավալների «ֆետիշացումը»՝ հատկապես տեղեկատվա-քարոզչական նկատառումներով, կարող է հանգեցնել տնտեսության ճնշման՝ հարկային բեռի ավելացման հետևանքով:
Իսկ դա կնշանակի, որ ներկայիս տպավորիչ բյուջեն, ապագայում գտնվում է ռիսկի տակ, որովհետև առավել ևս արտադրական, արտահանելի կարողությունների առումով սեղմվող տնտեսությունը ի զորու չի լինելու ապահովել բյուջետային մուտքերի կայուն աճ: Դրա հետևանքով, շարունակվելու է պետական պարտքի կայուն աճը:
Բաց մի թողեք
Արկադի Ղուկասյանը նոր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում, ինչում է նա մեղադրվում
Դոլարը էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը