26/04/2025

Ինչ եղավ սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանը գնում է պատերազմի

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Երևանը սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Բաքվին, սակայն դեռ չի ստացել պատասխան:

Հունվարին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ համաձայնեցրել են, թե ինչ ուղղությամբ է լինելու սահմանազատման ու սահմանագծման գործընթացը:

Ըստ այդմ՝ այն սկսելու է հյուսիսից մինչև հարավ՝ սկսելով հյուսիսային կետից և հասնելով մինչև Իրանի սահման: Սակայն չնայած այն հանգամանքին, որ դեռևս նախորդ տարի հոկտեմբերի վերջից կողմերը, ըստ էության, ավարտել են սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրության ներքին ընթացակարգերը, իսկ հունվարին համաձայնեցրել են աշխատանքային ուղղությունը, այդուհանդերձ, դեռևս փաստորեն չեն կարողանում համաձայնեցնել կոնկրետ աշխատանքների մեկնարկի հարցը:

Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել, թե որն է անհամաձայնության առարկան, ինչին է այն վերաբերում: Նա լրագրողներին ասել է, թե այդ մասին չի բարձրաձայնում, քանի որ հարցն ադրբեջանական կողմի հետ այսպես ասած քննարկման փուլում է:

Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքի մեկնարկի ձգման ֆոնին, Ադրբեջանի որոշակի լարվածություն է հաղորդում սահմաններին:

Չի բացառվում, որ Բաքվի այդ գործողությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքով՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին պարտադրել սահմանազատման ու սահմանագծման մեկնարկի իր մոտեցումը:

Դա կապված է մեթոդաբանության, կիրառվելիք փաստաթղթային և քարտեզային բազայի, թե՞ մեկնարկային տեղանքի հետ, առայժմ պարզ չէ: Հատկանշական է, որ թեմայի վերաբերյալ առայժմ որոշակիորեն լուռ է նաև Բաքուն: