Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Դրանից բացի, ըստ հաղորդագրության, Միրզոյանը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը: Ֆրանսիայի արտգործնախարար Բարոն նախօրեին գրառում էր արել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով լարվածության կապակցությամբ և խոսելով ԵՄ դիտորդների թիվն ավելացնելու մասին:
Հայաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ուշագրավ է ձևակերպումը, որ Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Բարոյի ցուցաբերած «հետաքրքրությունը»: Իսկ Երևանն արդյո՞ք որևէ տեսակետ արտահայտել է Բարոյի ցուցաբերած հետաքրքրության այսպես ասած բովանդակության, մասնավորապես ԵՄ դիտորդների թվաքանակն ավելացնելու մասին նրա արտահայտած մտքի առնչությամբ:
Հայաստանը համաձա՞յն է այդ գաղափարին, թե՞ դա համարում է օրինակ միտք, որը կարող է բերել լարվածության, առնվազն այն պատճառով, որ Ադրբեջանը նույնիսկ դնում է հակառակ հարց՝ հեռացնել ԵՄ դիտորդներին սահմանից:
Ընդ որում՝ Երևանը փաստորեն խաղաղության պայմանագրի տեքստի մասով համաձայնել է այդ առաջարկին: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նախօրեին փաստորեն առաջարկել է հակառակ տրամաբանությամբ քայլ՝ ավելացնել դիտորդների թիվը: Հատկանշական է, որ Բարոյի գրառմանը շատ արագ արձագանքել էր Բաքուն՝ հայտարարելով, թե Փարիզը շահագրգռված չէ խաղաղությամբ:
Հնարավո՞ր է, որ գնահատելով հետաքրքրությունը, Հայաստանի ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջը խնդրել է չանել առաջարկներ, որոնք կարող են առաջացնել լարում կամ առիթ դառնալ Ադրբեջանի համար:
Բաց մի թողեք
Սպիտակ տունն ու Թրամփն անձամբ գոհ չեն Պուտինի որոշումից
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞