22/05/2025

Փաստորեն առաջին հանդիպումից հետո բարձրաձայնված է ավելի բարձր մակարդակի նշաձողը

Հայաստանի արտգործնախարարությունը մանրամասներ է հայտնել Վրաստանում կայացած եռակողմ հանդիպումից, որ անցկացվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով:

Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ «հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ գործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»:

Նշվում է, որ սեղանի շուրջ նստած կողմերը ներկայացրել են հեռանկարների վերաբերյալ իրենց մտքերն ու տեսլականները: Պարզ չէ, թե ինչ արդյունք է արձանագրվել: Թեև հնարավոր է, որ արդյունքի խնդիր չի էլ դրվել, այլ ընդամենը ընդհանուր պատկերացումների շարադրման:

«Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը», ասված է հաղորդագրության մեջ:

Սա նշանակում է, որ, այդուհանդերձ, հանդիպումն ունեցել է առավել առարկայական օրակարգ և բովանդակություն, ինչի մասին, սակայն, կողմերը գերադասում են լռել: Այլ կերպ ասած, մտքերն ու տեսլականները, ինչպես հայտնում է հաղորդագրությունը, շարադրվել են, թերևս, ոչ թե ընդհանրական, այլ շատ ավելի կոնկրետ հարցերի կամ կետերի վերաբերյալ:

Ավելին՝ բացառված չէ, որ քննարկվել է հենց այսպես ասած վստահության միջավայրի ձևավորման միջոցառումների ընդհանուր սխեմա, որի միջոցով գուցե կողմերը պատրաստվում են աշխատել արդեն ռեգիոնալ ձևաչափ ստանալու ուղղությամբ:

Համենայն դեպս, ավելի բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ բարձրաձայնումը հուշում է, որ պլանավորումը, այդուհանդերձ, առավել այսպես ասած երկար է, քան փոխնախարարների հանդիպումը Թբիլիսիում:

Վրաստանի մայրաքաղաքում, ըստ երևույթին, նախապատրաստվել է նախարարների մակարդակով հանդիպում, բայց ոչ թե պանելային քննարկման ռեժիմում, ինչպես մի քանի օր առաջ տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, այլ արդեն փակ ռեժիմով:

Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ հաջորդ հանդիպումն արդեն կլինի ԱԳ նախարարների մակարդակով, քանի որ կարող է պահանջվել ավելի ցածր մակարդակի մի քանի հանդիպում: Բայց փաստորեն առաջին հանդիպումից հետո բարձրաձայնված է ավելի բարձր մակարդակի նշաձողը, հետևաբար աշխատանքի պլանավորման այդ նվազագույն տարածությունը: