Հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի առիթով ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, ի տարբերություն նախորդի՝ Ջո Բայդենի, արժանացել է հայ հանրության և հայության մեծ ուշադրությանը:
Անգամ հնչել են Թրամփին դատապարտող հայտարարություններ, այդ թվում՝ ԱՄՆ հայկական կազմակերպություններից: Թե ինչու Ջո Բայդենը կիրառեց «ցեղասպանության» եզրը, ինչո՞ւ դա չի կիրառում Թրամփը, ունի, բնականաբար, իր քաղաքական շարժառիթները, որոնք դիտարկելը, հասկանալը, իհարկե, շատ կարևոր է:
Սակայն այստեղ կա նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ հանգամանք: Թրամփի վարչակազմին պետք է ոչ թե դատապարտել, այլ աշխատել այդ վարչակազմի հետ, հնարավոր բոլոր խողովակներով և ուղղություններով: Ընդ որում՝ այդ աշխատանքի նպատակը չպետք է լինի լոկ ցեղասպանության ճանաչումը:
Թրամփի վարչակազմի հետ աշխատանքը անհրաժեշտություն է բազմաթիվ ուղղությունների և խնդիրների համատեքստում, առնվազն այն պարզ պատճառով, որ գործ ունենք համաշխարհային գերտերության նախագահի և նրա վարչակազմի հետ:
Ընդ որում` վարչակազմ, որը նաև, ըստ էության, հեղափոխական մոտեցումներ է բերում թե՛ ԱՄՆ զարգացման ու քաղաքական վարքագծի, թե՛ համաշխարհային քաղաքականության հարթություններում:
Այդ իմաստով, մեզ համար մտահոգիչը, թերևս, պետք է լինի ոչ թե այն, որ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» եզրը, այլ այն, որ նրա պաշտոնամուտից շուտով կանցնի արդեն հարյուր օր, սակայն այդ ընթացքում, ըստ էության, չի եղել հայ-ամերիկյան շփումների շատ, թե քիչ տպավորիչ և առարկայական դրսևորում:
Նիկոլ Փաշինյանն է այցելել ԱՄՆ՝ կրոնական ազատությունների դաշինքի գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու համար, որի շրջանակում այցի վերջին օրը հանդիպում է ունեցել փոխնախագահ Վենսի հետ, որից հանրության ուշադրությանն արժանացած և այսպես ասած հիշողության մեջ մնացածը բավականին «հապճեպ» արվածի տպավորություն թողնող լուսանկարն էր:
Շաբաթներ առաջ էլ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց ունեցավ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Սա չի կարող համարվել բավարար հաղորդակցություն ու աշխատանք, հատկապես հաշվի առնելով ներկայումս միջազգային իրադրությունն ու տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը:
Բաց մի թողեք
Երևանն ինչու է անարձագանք թողնում Պեկինի առաջարկը
Ռուսաստանին ի՞նչ է սպասում հետկոնֆլիկտային փուլում
Ինչո՞ւ Լուկաշենկոյի քայլերը Հայաստանի իշխանությունների դժգոհությունը չեն հարուցել