Այն փաստը, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական վերնախավը, նրա խոսափող հանդիսացող տեղեկատվական միջոցները, փորձագիտական եւ օլիգարխիկ շրջանակները քարոզչական արշավ են տանում արցախահայության դեմ, դժվար է հերքել:
Բնականաբար՝ վերեւներում ինտենսիվորեն տարածվող ատելության խոսքը շատ արագ ներթափանցում է հանրության ներքին շերտերը՝ վերաճելով փոխադարձ մեղադրանքների, վեճերի եւ նույն ազգի երկու հատվածների միջեւ անմիաբանության ու գժտությունների սերմանման, ինչը մեր թշնամիների մեծագույն ցանկությունն է:
Ցավալի է, իհարկե, որ հայ ազգը թուլացնող հարցերում զարմանալիորեն համատեղվում են Երեւանի եւ Բաքվի իշխանությունների մոտեցումները, բայց ունենք այն, ինչ ունենք:
«Հայաստանցի-արցախցի» հակադրությունը նոր երեւույթ չէ: Սաղմնավորվել սկսել է հետանկախական շրջանում՝ անցյալ դարի 90-ականների վերջերից, երբ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1997-ին հրավիրվեց Երեւան, նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ մեկ տարի անց ընտրվեց ՀՀ նախագահ:
Մինչ այդ, Երեւանում էր մեկ այլ նշանավոր արցախցի՝ Սերժ Սարգսյանը, որը բարձր պաշտոններ էր զբաղեցնում կառավարման համակարգում՝ Պաշտպանության նախարար, Պետանվտանգության վարչության պետ, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ եւ այլն: Կային նաեւ արցախյան ծագում ունեցող բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Մի խոսքով, այսպես կոչված, «Ղարաբաղյան կլանը», կարծես թե, աչք էր ծակում՝ շարժելով ոմանց խանդն ու նախանձը, մյուսների ատելությունը: Դա տեսանելի էր հատկապես այն բանից հետո, երբ 2008-ին պաշտոնավարման երկու ժամկետը լրացած Քոչարյանին փոխարինելու եկավ Սերժ Ազատիչը:
Բայց քանի որ արցախցի պաշտոնյաների մեծ մասը Ղարաբաղյան առաջին պատերազմը հաղթանակած գործիչներ էին եւ, բացի դրանից, չկար «նախկինների գործոնի չարաշահում» հասկացությունը՝ ներողամտության, հանդուրժանքի որոշակի չափաբաժին դեռ պահպանվում էր: Փոխադարձ ատելության մթնոլորտը սկսեց խտանալ 2018-ից հետո՝ փողոցից իշխանության եկած հայտնի անձի ու նրա թիմի հակաարցախյան հռետորաբանությամբ:
Վերջին յոթ տարում ատելության շարժընթացը աստիճանական, կայուն զարգացման հունով հանգեց Արցախի հայաթափմանը, բայց դրանից հետո անգամ Մայր հայրենիքում չվերացավ վաղնջական բնօրրանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքի ու նվաստացման բառապաշարը:
Նման վերաբերմունքը ձեւավորվել էր՝ սկսած այն պահից, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, թե «Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք է, պե՞տք է մեզ Շուշին»: Սա ահազանգ էր, որ պատրաստվում է հանձնել ոչ միայն Շուշին, այլեւ Արցախը, ինչը էթնիկ զտման եղանակով իրականացվեց 2023թ. սեպտեմբերի 19-ին:
Այնուհետեւ ատելության սլաքն ուղղեց արցախցիներին, երբ բացեիբաց հայտարարեց, որ պետք է Երեւանից քշել «արցախցի բոլոր տականքներին»:
«Բռնկումը» գնալով՝ անցավ հանրությանը, այդ թվում՝ Փաշինյանի սպասարկու մեծ ու փոքր իշխանավորներին: ԱԺ խոսնակն արցախցիներին մեղադրեց, որ չեն մնացել ու չեն կռվել իրենց իրավունքների համար:
ԱԳ նախարարն ապատեղեկատվություն տարածեց, թե Արցախն է 2023-ի ամռանը մերժել Ադրբեջանի հետ բանակցությունները Սոֆիայում ու Բրատիսլավայում: ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ փորձում էր ԶԼՄ-ներին հավատացնել, որ արցախցիները չեն կռվել եւ այդ առումով համաձայն է Ալեն Սիմոնյանի տեսակետին, ըստ որի՝ «մի 10 զոհ են տվել ընդամենը»:
Իրականում 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են 265 զինծառայող ու կամավոր, 21 խաղաղ բնակիչ, առեւանգվել կամ անհետ կորել է 14 քաղաքացի:
Սուքիասյանը եւ վերը նշված մյուս պաշտոնատար անձինք, ըստ էության, փաստերի նենգափոխման միջոցով հոգեբանական ահաբեկչության են ենթարկում ադրբեջանական ագրեսիային հերոսաբար դիմակայած արցախցի քաջակորով հայորդիներին ու նրանց հարազատներին, անարգում զոհվածների հիշատակը՝ նպատակ ունենալով Արցախի հանձնման խարանը մաքրել իշխող քաղաքական ուժի առաջնորդի վրայից:
Սակայն այդ խարանը երբեք չի մաքրվի, քանզի փաստն անհերքելի է ու մշտագո՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է Նիկոլ Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Ճանաչել է եւ վե՛րջ: Պետք չէ քավության նոխազ որոնել:
Բաց մի թողեք
Ալիևը շտապում է առավել «դուր գալ» Էրդողանին
Մոսկվայի լոյալության դիմաց, Ղազախստանը Բաքու-Գրոզնի օդանավի կործանման պատճառ կճանաչի անվտանգության կանոնների խախտումը
2026-ի ընտրություններին ընդառաջ հերթական անգամ բեմադրվում է «նախկիններն են մեղավոր» ներկայացումը