Ամերիկյան վարչակազմը մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված հանդիպումը համարում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների կարևորագույն հնարավորություն։
Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։ Նրան խնդրել են մեկնաբանել Թուրքիայում նախատեսված հանդիպումը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտահայտվել է այս հարցի վերաբերյալ։ Նա հստակեցրել է, որ Ստամբուլում կայանալիք հանդիպումը կարևորագույն հնարավորություն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների համար։ Դա հստակ էր։ Նախագահը նաև հստակեցրել է, որ ցանկանում է, որ այս բանակցությունները տեղի ունենան, և նա ձգտում է նախ հրադադարի, ապա՝ երկարատև խաղաղության հասնել։
Սա կարևորագույն հնարավորություն է կրկին ուղիղ բանակցություններ վարելու՝ հրադադարի, ապա՝ երկարատև խաղաղության հասնելու փորձ կատարելու համար», – ասել է դիվանագետը։ Նա հրաժարվել է որևէ մանրամասնություն հաղորդել հանդիպմանը ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի այլ պաշտոնյաներ կմեկնեն Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններին մասնակցելու համար։
Ամերիկացի առաջնորդի կանխատեսմամբ՝ Թուրքիայում սպասվող հանդիպումները կարող են լավ արդյունքներ տալ։ Սպիտակ տան խոսնակը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ Ռուբիոն, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը, մեկնում են Ստամբուլ։
Բացի այդ, ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Մենք գնահատում ենք միայն [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր] Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»:
Պեսկովը նաև նշել է, որ ռուսական պատվիրակության կազմը կհրապարակվի, երբ նախագահի կողմից համապատասխան հանձնարարականներ լինեն։ Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր, որ մայիսի 15-ին կլինի Թուրքիայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա նաև մանրամասնեց, որ ակնկալում է հանդիպել Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում։
Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմում կլինեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Կրեմլի իր աղբյուրին։
Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի բանակցություններին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ակնկալում է Թուրքիայում անձամբ հանդիպել Պուտինին:
Բաց մի թողեք
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին
Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. Լուսանկարներ