18/07/2025

Ինչ աստիճանի է Հայաստանի ու ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը կամ տարբերությունը

Ալբանիայում կայացող Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ողջունել են ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որ ամիսներ առաջ ընդունեց Հայաստանի ԱԺ-ն:

Սա ըստ էության ԵՄ բարձրաստիճան ղեկավարության առաջին արձագանքն է Հայաստանի ԱԺ ընդունած օրենքին: Ֆոն դեր Լայենն ու Կոշտան դրա համար սպասում էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմա՞նը, թե՞ հանդիպման համատեքստում եղել է որևէ կոնկրետ բովանդակություն, որին սպասում էին ԵՄ ղեկավարները կամ ակնկալում էին լսել կամ ստանալ Երևանից՝ որևէ համաձայնության տեսքով: Համենայն դեպս հատկանշական է, որ ԵՄ ղեկավարները օրենքի ընդունումից հետո տևական ժամանակ անց են ողջունում այն:

Եթե հնարավոր ակնկալիքի համատեքստը դիտարկենք Ալբանիայում կայացած հանդիպման շրջանակում, ապա բացառված չէ, որ այն կապված է հաղորդուղիների ապաշրջափակման հարցի հետ, որ առկա է հայ-ադրբեջանական գործընթացում:

Համենայն դեպս, ուշադրության է արժանի ձևակերպումը, որ «անդրադարձ է կատարվել» Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկի» ծրագրին և կարևոր է համարվել հաղորդուղիների ապաշրջափակումը:

«Խաղաղության խաչմերուկը» Երևանը միջազգային դերակատարներին, այդ թվում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել է վաղուց և բազմիցս, հետևաբար, եթե «կատարվել է անդրադարձ», ապա թերևս կոնկրետ որևէ հարց շոշափելու համատեքստում:

Հնարավոր է, որ հենց այդ համատեքստով էլ պայմանավորված է, որ ԵՄ ղեկավարները բավականին ուշացումով արձագանքել են Հայաստանի ԱԺ ընդունած օրենքին: Համենայն դեպս, ԵՄ-ն հատկապես վերջին շրջանում շատ հստակ բարձրաձայնել է իր համար Միջին միջանցքի կարեւորությունը:

Դրա մասին ֆոն դեր Լայենը բավականին պերճախոս ելույթ էր ունեցել ապրիլի սկզբին Ուզբեկստանում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի ընթացքում, ընդ որում նշելով այդ հարցում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացման բեկումնային նշանակությունը:

Դրան, իհարկե, հաջորդել էր Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այդ սահմանների հարցը Եվրամիության գործը չէ: Այդուամենայնիվ, ԵՄ-ն Ադրբեջանի հետ թերևս քննարկել է այդ հարցը մի քանի շաբաթ անց՝ ապրիլի 25-ին, երբ Բաքու էր այցելել ԵՄ արտաքին հարցերի ու անվտանգության հանձնակատար Կալլասը:

Նա հայտարարեց, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Կենտրոնական Ասիա-Եվրոպա հաղորդակցության կարևորության հարցն ու այդ հարցում Ադրբեջանի նշանակալի դերը:

Թե հատկապես ինչ կոնկրետությամբ է Կալասը Բաքվում քննարկել այդ հարցը, կարող ենք միայն անել ենթադրություններ: Հատկանշական է թերևս հիշել նաև Ուզբեկստանում կայացած գագաթնաժողովի ելույթում Եվրահանձնաժողովի նախագահի ևս մի միտք, որ Միջին միջանցքի երթուղին պետք է անցնի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների անխոչընդոտ սահմաններով, որպեսզի լինի արագ հաղորդակցություն:

Ալբանիայում Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ու Կոշտայի հանդիպման նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարը մեկնեց Բրյուսել և հանդիպեց քսան օր առաջ Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցած Կայա Կալասին, իսկ հետո Ալբանիայում միացավ Նիկոլ Փաշինյանին:

Այդ համատեքստում առավել, քան նկատելի, որ Ալբանիայի հանդիպման օրակարգի գլխավոր հարցը, թերևս, հենց եղել է ճանապարհների հարցը: Ինտրիգն, այն է` անշուշտ, թե այդ հարցում ինչ աստիճանի է Հայաստանի ու ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը կամ տարբերությունը: