Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բաքվից Երևան ժամանած ամերիկացի հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Սթիվ Դեյնզին:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին առնչվող հարցեր: Առանցքայինը, սակայն, ըստ ամենայնի եղել է հենց հայ-ադրբեջանական գործընթացը:
Սթիվ Դեյնզը Երևան է ժամանել Բաքվից: Ադրբեջանում նրան ընդունել է նաեւ Իլհամ Ալիևը: Այն հանգամանքը, որ ամերիկացի սենատորը, ժամանելով Երևան և Բաքու, արժանացել է բարձր մակարդակի ընդունելության, թերևս վկայում է, որ նրա այցը ունի որոշակի հատուկ բովանդակություն:
Ընդ որում` նկատելի է, որ ամերիկացի սենատորը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է ոչ կառավարությունում, այլ թերևս Շիրակի մարզում, ուր մայիսի 30-ին այցելել է Նիկոլ Փաշինյանը:
Սենատորի՝ Հայաստանում ու Ադրբեջանում բարձր մակարդակի ընդունելության արժանանալու հանգամանքը վկայում է, որ նա գուցե Վաշինգտոնից բերել է որևէ ուղերձ կամ գաղափար, որը քննարկելու անհրաժեշտություն է առաջացել հենց բարձր մակարդակում:
Որովհետև,հազիվ թե պարզապես սենատորի այցը արժանանար նախագահի ընդունելության Բաքվում և վարչապետի ընդունելության Հայաստանում: Այն էլ մի պարագայում, երբ խոսքը կոնգրեսականների պատվիրակության այցի մասին չէ, այլ՝ մեկ սենատորի:
Դեյնզը կարո՞ղ էր «կրել» ԱՄՆ նախագահի որևէ ուղերձ, թեկուզ բանավոր, կամ որևէ առաջարկ: Միարժեք ասելը, իհարկե, բարդ է: Մի կողմից, իսկ ինչո՞ւ Նահանգների նախագահը դա չէր կարող փոխանցել այսպես ասած անմիջական վարչակազմի պաշտոնյայի միջոցով, առավել ևս, որ Երևան և Բաքու է ժամանել նաև պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը:
Մյուս կողմից, նախ կարող ենք արձանագրել, որ Թրամփը կարող է իր դիվանագիտական ներկայացուցիչների ընտրություն կատարել այսպես ասած ոչ գործադիր համակարգից, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
Թրամփը թերևս առնվազն այս փուլում կառաջնորդվի առավել անձնական վստահելիության սկզբունքով, թեև, իհարկե, չենք կարող միարժեք գնահատել, թե նա ինչպիսի հարաբերություն ունի սենատորի հետ:
Մյուս կողմից, երբ սենատորը հնարավոր է ներկայացնելով որևէ նոր գաղափար, փորձում է շոշափել նախնական տրամադրվածությունը դրա հանդեպ, և դրական տրամադրվածություն նշմարելու պարագայում միայն Նահանգները կարող է արդեն որոշակի ֆորմալացվածությամբ ձեռնմուխ լինել ինչ-որ գործընթաց խթանելուն:
Ի վերջո` հիշենք նույն Ուիտկոֆի խոսքերը շաբաթներ առաջ, այն մասին, որ, եթե չի նշմարվում որևէ դիվանագիտական նախաձեռնության հարցում առաջմղման արդյունավետ հեռանկար, ապա ի՞նչ իմաստ ունի մեծ ջանքեր ներդնել և վատնել ժամանակ ու ռեսուրսներ: Թրամփը այդ իմաստով, իհարկե, գործել և գործելու է ինչպես տիպիկ գործարար:
Բաց մի թողեք
Եվրոպացիները տարակուսած են. Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը. G7. Տեսանյութ
Մեծ Յոթնյակի՝ G7 գագաթնաժողովը սկսվել է լարված, Թրամփը խուսափում է խմբային հանդիպումներից, գերադասում է երկկողմանի ձևաչափը
Ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել Հնդկաստանն ու Հայաստանը