17/06/2025

Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության հարցը կակտուալանա՝ հակակշռելով Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքին

Թեհրան է այցելել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին: Բանակցություններից հետո կայացել է նրա և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս հաստատել է մամուլի տեղեկությունը, որ մայիսի 31-ին Միացյալ Նահանգներն Օմանի միջոցով Իրանին գրավոր առաջարկություններ են փոխանցել:

Արաղչին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կներկայացնի իր պատասխանը, ամենայն հավանականությամբ, դարձյալ Օմանի միջնորդությամբ: «Այդ պատասխանը հենված կլինի Իրանի ազգային շահերի, դիրքորոշման, սկզբունքների, ինչպես նաև ժողովրդի շահերի պաշտպանության վրա»,- ասել է Արաղչին և ամփոփվել, որ «առանց ուրանի հարստացման իրավունքի հարգման որևէ համաձայնության հասնել հնարավոր չէ»:

Թուրքական «Անադոլուն», հղում անելով Axsios-ին, հայտնում է, որ Իրանին ԱՄՆ ներկայացրած առաջարկությունը թույլ է տալիս, որպեսզի Իսլամական հանրապետությունը որոշակի ժամանակահատվածում պահպանի ուրանի մինչև 3 տոկոս հարստացման իրավունքը:

Ամերիկյան պարբերականի աղբյուրները, ընդսմին, ասել են, որ այդպիսով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր «նախնական դիրքորոշումից հետքայլ է կատարում»:

«Անադոլուն» իր հերթին հավելում է, որ առաջարկությունների հեղինակը Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆն է, իսկ գրավոր տեքստը պետք է իրանական կողմի պատասխանի հետ քննարկվի բանակցությունների հաջորդ փուլում: ԱՄՆ-ը և Իրանը վերջին ամիսներին Օմանի միջնորդությամբ հինգ հանդիպում են անցկացրել:

Ընդ որում՝ բանակցությունների հինգերորդ փուլին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Թրամփը բացահայտել է, որ Իսրայելի վարչապետին ետ է պահել Իրանի դեմ հարձակման որոշումից: Ըստ երևույթին, դա պետք է հասկանալ այնպես, որ եթե Իրանը համառի, և համաձայնությունը չկայանա, ապա իսրայելական հարձակման համար Վաշինգտոնը պատասխանատու չի լինի:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում են մի իրավիճակում, երբ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ռազմավարական համագործակցություն են հռչակել, ինչն, անկասկած, շոշափում է Իսլամական հանրապետության տարածաշրջանային շահերը:

Լաչինում Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» գործարկելու ծրագրին:

Ավելի վաղ Էրդողանը խոսել է նաև Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղային հաղորդակցության արդյունավետության բարձրացման մասին՝ ակնհայտորեն ակնարկելով, որ այդ հարցում Իրանն առանձնակի շահագրգռվածություն չի ցուցաբերում:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի անցմանը», ապա Իրանի տեսակետը բազմիցս հնչեցվել է: Այդ հարցում Իրանի աջակցության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունը փորձագետներից շատերն արդարացիորեն գնահատում են որպես «սպառնալիք»:

Ըստ երևույթին, հաշվարկն այն է, որ Միացյալ Նահանգների հետ չափազանց բարդ բանակցություններ վարող Իրանը Հարավային Կովկասի ուղղությամբ լրացուցիչ ռեսուրսներ այս փուլում չի կարող ներգրավել:

Եթե Իրանին հաջողվի բանակցային ճանապարհով հասնել ուրանի հարստացման իրավունքի լեգիտիմացման, ապա նրա տարածաշրջանին կարևորությունը կտրուկ կբարձրանա: Եթե իրականությանը մոտ է, որ ԱՄՆ-ը համաձայն է, որ Իրանը շարունակի քաղաքացիական նպատակներով ուրանի հարստացման ծրագիրը, ապա դա լուրջ գործիք է, որպեսզի Իսլամական հանրապետությունը պահպանի տարածաշրջանային տերության կարգավիճակը:

Այդ դեպքում, թերևս, Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության հարցը կակտուալանա՝ հակակշռելով Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքին: