24/06/2025

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է ԼՂ ռազմաքաղաքակիան ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը:

Հերթական նիստում ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել, պատասխանել է դատախազի հարցերին՝ 2016 թվականի ապրիլյան մարտերի հետ կապված:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մնացականյանը նշել է, որ նա դեպքի մասին զեկուցել է ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին և ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին, ստացել նրանց կողմից ցուցումներ:

Մնացականյանը նշել է դրանք ու հավելել, թե ինչ գործողություններ են կատարվելիր կողմից:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլին տեղի ունեցած մարտերը, որոնք առավել հայտնի են որպես «Քառօրյա պատերազմ», ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից հրահրված լայնածավալ հարձակողական գործողություններ էին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, որի ժամանակ Ադրբեջանը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ռազմական գործողությունները դադարել են ապրիլի 5-ին:

Հրապարակումների համաձայն՝ հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ և՛ զինծառայողների, և՛ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հիշեցնենք նաև՝ 2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են 2025 թվականի հունվարի 17-ից: