Օրերս Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր տան տարածքը լքելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»։
«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։
Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից։
Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- թիրախավորելով Կարապեֆյանին, գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան լուրեր տարածվեցին, որ իրավապահ մարմինները ձերբակալել են գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանի տանը իրավապահները գործողություններ էին իրականացնում, իսկ Կարապետյանը տանն էր։ Վերջինիս մեղադրանք առաջադրվեց իբրև հրապարակավ իշխանազավթման կոչեր հնչեցնելու համար, ապա Կարապետյանը կալանավորվեց երկու ամսով:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու Փաշինյանի կոչերին, նկատեց. «Ամենայն հավանականությամբ այս մի չարակամությունը Փաշինյանին չի հաջողվելու: Սամվել Կարապետյանն իր դրսևորումներով ու կենսագրությամբ միջազգային անձնավորություն է:
Նա խելամիտ ու շրջահայաց ձևով տնտեսական գործունեություն է իրականացնում: Այդ կապակցությամբ շուկայական հարաբերությունների պայմաններում, սեփականության իրավունքի խախտման գործընթաց սկսելու համար ոչ մի հիմք չի կարող լինել:
ՀԷՑ-ի ծառայությունից ողջ հանրությունն է օգտվում, միջազգային կազմակերպությունները՝ միջազգային իրավունքի հիման վրա երբեք ու երբեք թույլ չեն տա, որպեսզի նման բան տեղի ունենա: Իսկ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ՀԷՑ-ը վերցնել Կարապետյանից, ապա իմացեք, որ տեղի է ունենալու հերթական ահավոր հարվածը: Եթե ՀԷՑ-ը ազգայնացվի, անմիջապես կարճ միացում կտա՝ շուկայական հարաբերություններում: Ես հարյուր տոկոսով կարող եմ վստահեցնել, ՀԷՑ-ը պետականացնելու պարագայում չի կարող լավ աշխատել:
Որևէ հիմք չկա այդ կառույցի կարգավիճակը փոխելու համար: Եթե Փաշինյանին հաջողվի այդ քայլին գնալ, դա նշանակում է, որ նա ամեն ինչ կարող է անել Հայաստանի հետ: Բացառված է, որ ՀԷՑ-ի նման բարդ, ինժեներացված կառույցը պետականացվելու պարագայում աշխատի ավելի լավ, քան մինչ այս պահը:
Մենք ինչո՞ւ հասանք շուկայական հարաբերությունների, որպեսզի ինչ-որ չափով կարողանանք տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնել: Նիկոլ Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի, որը մինչև անգամ այլ պետությունների համար է անցանկալի և անընդունելի»:
Բաց մի թողեք
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել. Պայքարելու ենք